Ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերիչյանը հերթական անգամ բաց նամակ է հղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, որով ակնկալում է նախ տեղեկանալ, թե վերջապես որն էր պատճառը, որ իր մուտքը հայրենիք արգելվեց եւ նրան Զվարթնոց օդանավակայանից հետ ճանապարհեցին, եւ ապա գործո՞ւմ է արդյոք նույն արգելքը, քանի որ Շ. Ոսկերիչյանը դարձյալ ցանկություն ունի գալ հայրենիք՝ Ս. Ծննդյան տոները հայրենիքում դիմավորելու համար:
«Հարգելի պրն. Հակոբյան, այս տարվա մայիս 21-ին, առանց որեւէ հիմնավորման, Երեւանի Զվարթնոց օդանավակայանում՝ հայրենիք մուտքս արգելվեց: Ավելի քան 12 ժամ օդանավակայանում ինձ «բանտարկելուց» հետո, հակառակ կամքիս, Ձեր պաշտոնյաները ինձ նույն օդանավով վերադարձրին Փարիզ: Զվարթնոցի տանջալից ժամերի ընթացքում անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացի բողոքները: Միակ պատասխանը, որ տրվեց, հարիր չէր 21-րդ դարի ժողովրդավարության բոլոր չափանիշներին:
«Վերեւից հրաման կա, Ձեր մուտքը Հայաստան արգելված է»,- հայտարարեց անվտանգության աշխատակիցը եւ ինձ ուղեկցեց վերադարձի օդանավ: Մերժելով կամայական կամ թելադրված որեւէ բռնարարք՝ որոշեցի կրկին ժամանել իմ թանկագին հայրենիք եւ Ամանորի եւ Ս. Ծննդյան տոներն անցկացնել ընկերներիս եւ հարազատներիս հետ:
2015 թվականի մայիս 21-ի անախորժ եւ մերժելի վիճակի կրկնությունը բացառելու համար ցանկանում եմ տեղեկանալ. ինչո՞ւ արգելվեց ինձ Հայաստանի Հանրապետություն մուտք գործել: Եթե այդ արգելքը դեռ գործում է, ապա ինչ հիմքով: Իսկ եթե իմ դեմ սահմանված այդ ապօրինի արգելքն արդեն վերացված է, ապա խնդրում եմ գրավոր տեղեկացնել, որպեսզի կարողանամ գալ Մայր հայրենիք: Հայրենիքն ինձ համար պաշտելի է, բայց ատում եմ այն վարչակարգը, որ ավերում է Հայոց Հանրապետությունը եւ արյունաքամ է անում մեր ժողովրդին»
Leave a Comment