Բերձորի դեպքերի տարելիցի առիթով, սակայն ոչ այդ քան Բերձորի դեպքերի մասին: Ի՞նչ հասկացանք և ո՞ւր ենք գնում:
Այսօր լրանում է բերձորյան դեպքերի տարելիցը, թեպետ այդ դեպքերը տեղի ունեցան Բերձոր չհասած: Սակայն այս հոդվածի բուն նպատակը ոչ թե Բերձորի դեպքերի վերլուծությունն է, այլ հանրության շրջանակներում գաղափարների և մտածելակերպի բախման իրողության քննարկումը, որն ի հայտ եկավ մասնավորապես Բերձորի դեպքերի շնորհիվ: Հոդվածում հնչող մտքերը արտակուսակցական էն, եւ քաղական ուղղվածություններ ու նպատակներ չեն կրում:
2015 թ. հունվարի 31-ին. ընդդիմադիր քաղաքական ուղղություն ներկայացնող Հիմնադիր Խորհրդարանի անդամներն իրենց ընտանիքներով ավտոերթ մեկնարկեցին դեպի Արցախ, որի ընթացքում պետք է արցախցիներին իրազեկեին իրենց՝ բնականաբար ընդդիմադիր ծրագրերի մասին: Սակայն չհասած Արցախ ՝ արգելվեց նրանց մուտքը: Ավելին, ռեժիմը ավտոերթը պարզապես ետ դարձնելու փոխարեն հարկ համարեց ավտոերթի մասնակիցներին մի լավ դաս տալ՝ ոստիկանության հատուկ ջոկատի և ավազակախմբերի կողմից նրանց ծեծի ենթարկելով:
Հայաստանում քաղաքական հալածանքները նորություն չեն և ոչ էլ հազվագյուտ: Սակայն բերձորյան դեպքերը գերազանցեցին նախկին բոլոր քաղաքական հալածանքները իրենց դաժանությամբ, անմարդկայնությամբ և անհամաչափությամբ: Այդ օրը հայ մարդն իր երեխաների աչքի առաջ դարձավ այլ հայ մարդկանց մահակների զոհ: Մի կողմ դնելով ՀԽ-ի քաղաքական մոտեցումներն ու դեպի Արցախ երթի քաղաքական շահերի նպատակները (հաշվի առնենք, որ երթը խաղաղ էր), մի կողմ թողնենք նաև տուժողների հերոսական անցյալը և պատկերացնենք, որ այդ հերոսների փոխարեն Արցախ մեկնել էին սովորական ՀՀ քաղաքացիներ կամ որևէ շարքայն կուսակցության անդամներ, որոնց անուններն անհայտ են մեր հանրությանը, և փորձենք վերլուծել այդ դեպքի հետևանքները: Հունվարի 31-ին տեղի ունեցածն առանձնահատուկ երևույթ էր հասարակության՝ լինեն նրանք Սփյուռքում, թե ՀՀ-ում (Արցախը ներառյալ) արձագանքներով և դրանց ծայրահեղ տարբերություններով: Հասարակության մի մասը առողջ մոտեցավ այդ դեպքերին, ինչպես որ, ըստ իս, պետք է ընդուներ քրիստոնյա մարդը վայրագությունը և ջարդը խաղաղ մարկանց նկատմամբ: Սակայն կար և ազգի մյուս մասը, որը հակասակaն ընդունեց երթի միտքն ու հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին մեղադրել ավտոերթի մասնակիցներին: Պոպուլիստական մտքեր հնչեցին: Իբր Արցախում քաղաքական գործընթացները ՀՀ իշխանության դեմ վտանգավոր են Արցախի անվտանգության համար և Արցախը կապ չունի ՀՀ քաղաքական գործընթացների հետ… իրենց ասել էին, որ չգան,ինչու՞ են եկել… և այլն: Այդ բոլոր հարցադրումների պատասխաները բազում անքամ հնչել են, և հարկ չկա կրկնել:
Բերձորի դեպքերը բացահայտեցին ազգի այն հատվածին, որը, ցավո՜ք, պատրաստ չէ գաղափարական սերնդափոխության: Այս նույն մարդկանց մի մասը, ովքեր մեղադրում էին դեպի Արցախ երթի մասնակիցներին, ենթագիտակցաբար մերժում են միացյալ ՀՀ-ն, այսինքն Արցախը ՀՀ-ի մասը լինելու իրողությունը: Այդ նույն մարդիկ ՝ կամա թե ակամապաշտպանում էին հանցագործներին և արդարացնում այն թուրքաբարո արարքները, որոնք տեղի ունեցան հունվարի 31-ին ՝ Բերձոր չհասած: Այդ նույն մարդիկ ակամայից նույնացնում էին Պետություն և Հայրենիք հասկացողությունները քաղաքական իշխանական վերնախավի հետ…Այսինքն, եթե դու գնում ես իշխանության դեմ, ուրեմն գնում ես Պետության և Հայրենիքի դեմ: Բայց բանն այն է, որ այդ և նման կածրատիպեր նստած են շատ մարդկանց գիտակցության նկուղում, որոնք իրենց լուռ համաձայնությամբ հաստատում են ներկայացված մեղադրանքը: Հիշենք, որ ավտոերթը դատապարտողներից շատերը խոսում էին ինքնիշխան Արցախյան պետության մասին, իրադարձությունները ներկայացնելով այնպես, կարծես թե երթի մասնակիցները օտար պետության սահման էին հատում՝ առանց դրա իրավունքը ունենալու:
Միտքս պարզաբանելու նպատակով անդրադառնամ Գ.Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության նախաբանին (http://www.mgfedayi.info/10/1/425/), որում հստակ պատկերված է 1915թ.-ից հետո սկսած և միմյանց հաջորդած երեք սերունդների փուլային պայքարը մինչև մեր օրերը: Շարունակելով կարծրատիպերի և սերնդափոխության մասին խոսել, պարզաբանեմ, որ երեք տարբեր սերունդներ իրենց առջև դրված տարբեր ծրագրային ուղիներ են ունեցել: Ներկա գաղափարական ճգնաժամը վկայում է, որ փաստորեն երկրորդ սերնդի ներկայացուցիչների համար շատ դժվար է անցում կատարել երրորդ սերնդի գաղափարական դաշտ և կոտրել այն կարծրատիպերը, որ արդիական էին երկրորդ սերնդի համար: Կարևոր է նշել, որ սերունդ հասկացությունը տվյալ պարագայում պետք է ընկալել ոչ թէ տարիքային տեսանկյունից, այլ տվայ ժամանակաշրջանի գերիշխող քաղական և ռազմական նպատակների տեսանկյունից: Միմյանց հաջորդող երեք սերունդների երեք փուլային պայքարի մասին կխոսեմ հոդվածի վերջում:
Այնպես չէ, որ վերոհիշյալ մարդկանցխավը երկրի կամ ազգի բարօրությունը չեն ցանկանում կամ ինչ-որ բացասական անձինք են, ո՛չ, բացարձակապես այդպես չէ: Ավելին ՝ նրանց մեջ կան շատ նվիրյալներ ՝ հերոսական անցյալ ունեցող և մտավորական մարդիկ: Իմ անձնական կարծիքով, ինչպես որ քիչ առաջ նշեցի. այդ բոլոր մարդիկ գաղափարապես դեռևս մնացել են 90-ականների սկզբներին, նրանք մնացել են երկրորդ սերնդի մտածելակերպի շրջանակներում: Բերեմ մի քանի օրինակ.
- Հասարակության այն լայն հատվածը, որը երթի մասնակիցներին քարկոծելիս ջանք ու եռանդ չէր խնայում,դեռ չի գիտակցում, որ տարբեր ժամանակների ընթացքում Արցախի անկախության վերաբերյալ իշխանությունների կողմից ստորագրված փաստաթղթերը կեղծ քայլեր են և չեն բխում ազգային շահերից, քանզի կա մեկ Հայաստան և արհեստականորեն ստեղծված երկրորդ հայկական պետությունն արդեն Հայաստանի բաժանման երանգներ է ստանում:
- Նրանք, ովքերՀունվարի 31-ին ռեժիմի կողմից իրականացված ավազակային հարձակումները բացարձակ ոչ ադեկվատ գնահատանքի արժանացրեցին, ամենայն լրջությամբ չեն գիտակցում, որ ներկայիս իշխանությունները իրենցից պարզապես լուրջ մարտահրավեր են ներկայացնում հայ ազգի համար՝ Հայկական պետության կառուցման ճանապարհին: Պետություն, որը կունենա իր ամուր տեղը միջազգային դաշտում և ընդունակ կլինի պաշտպանել ազգային շահերը աշխարհաքաղաքական այս թոհուբոհում:
- Հաշտվել ներկայիս իշխանությունների հետ և փորձել նրանց ղեկավարման տակ ինչ-որ չնչին արդյունքների հասնել, դա ևս մի նշան է, որ հասարակության տվյալ խավը մնացել է երկրորդ սերնդի գաղափարական դաշտում և անընդունակ է անցնել երրորդ սերնդի գաղափարական դաշտ: Դա նշանակում է հրաժարվել բոլոր ազգային իղձերից:
Երբ որ խոսվում է Երկրի ներսում արմատական փոփոխություների մասին, անշուշտ, խոսք չի գնում իշխանություների դեմ զինված ծայրահեղ ռադիկալ պայքարի մասին: Սակայն եթե մեր սերունդը, իր առջև դրված նպատակներ իրագործման նպատակ ունի ՝նաև երկրորդ 100-ամյակի սկիզբը դարձնի ազգի զարթոնքի ժամանակաշրջան ՝ ստեղծելով մեզ վայել ազգային պետություն և պայքարել միջազգային ասպարեզներում ազգային շահերի համար, այդ թվում հանուն Նախիջևանի հարցի լուծման ՝ մենք պարտավոր ենք ազատվել ներկայիս նյութապաշտ իշխանությունից:
Վերադարնանք Գ.Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության նախաբանին: Նախորդ երկու սերունդները իրենց առջև Գարեգին Նժդեհի կողմից դրված ազգային-պետական վերածննդի առաջադրանքներն իրագործել են, որը հստա՛կ պատկերված է տվյալ աշխատության նախաբանում: Մեջբերեմ հենց այդ նախաբանից: «Ցեղասպանությունից 50 տարի անց ՝ 1965թ.-ին, տեղի ունեցավ ազգի անթեղված քաղաքական գիտակցության առաջին բռնկումը: Հայրենիքի և հարազատների կորստից, ոտնահարված արժանապատվության ցավից և տառապանքից այդ սերունդը պոռթկաց և նվաճեց իր կորստի հիշողության և ապագայի երազանքի իրավունքը: Դրան հետևեց երկրորդ սերնդի առաջադրանքի իրականացումը: Քաղաքականապես արթնացող երկրորդ սերունդը արտերկրահայության շրջանում սկսեց զինյալ ազատագրական պայքար, որը հետագայում անցավ հայրենիք և 1988-1994 թթ ավարտվեց Արցախի փաստացի ազատագրմամբ և դե յուրե հայանուն պետության առաջացմամբ»:
Վերլուծելով նախորդ երկու սերունդների պայքարի ուղին և գիտակցելով այն բեռի ծանրությունը, որը դրված է մեր ՝ երրորդ սերնդի ուսերին, վերադառնանք հոդվածի բուն թեմային՝ առաջին հայացքից ազգային կյանքում ոչ էական նշանակություն ունեցող բերձորյան դեպքերին և երթի մասնակիցներին քարկոծողներին: Եզրակացությունս հետևյալն է. մենք պարտավոր ենք կոտրել մեր մեջ բոլոր բարդույթները և սթափ գիտակցել տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերների լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ դե-ֆակտո կա ՀՀ ՝ Արցախի հետ միասին, և այդ միացյալ պետության ապագան վտանգի տակ է ոչ միայն սահմանից այն կոմից, այլ նաև սահմաններից ներս՝ գործող իշխանությունների պատճառով: Մենք պետք է մերժենք մեր միջի բոլոր վնասկար կարծրատիպերը և չմեղադրենք անմեղ ծեծվողին, այլ պայքարենք ծեծողների ու թալանչիների դեմ: Նաև, անկախ նրանից, թե որ ուժն ենք ներկայացնում ընդդիմադիր դաշտում, մենք պետք է առաջին հերթին Հայ լինենք, ով, լինելով Նժդեհի հետնորդ ՝ մեր առջև դրված ազգային – պետական վերածննդի երրորդ փուլը կհասցնի վերջնական նպատակին: Այլևս երբեք թող հայ մարդը հայ մարդուն տեռորի չենթարկի, և Բերձորյան դեպքերը մնան միայն պատմության էջերում: Աստված մեզ հետ:
Հ.Գ. Այս հոդվածը գրելիս ՝ հետապնդել եմ միայն ՀՀ շահերը և չեմ առաջնորդվել որևէ քաղաքական ուժի շահերով: Քաղաքական ուժերը կգան և կգնան, իսկ հայրենիքի ապագան մեզ բոլորիս է վերաբերում:
Հ.Գ. 2. Թո՛ղ ներողամիտ լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն հոդվածի մտքերի հետ կամ հոդվածում շեշտադրված մքերը որևէ մեկին վիրավորել են: Այս հոդվածում արտացոլվել են բացարձակապես իմ մտքերը և զգացմունքները, և որևէ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել:
Սամվել Ասլիկյան
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժման Մոսկվայի մասնաճյուղ
1 Comment