ՀՀ կառավարությանը 2015թ. մայիսին արգելեց Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի քաղաքացի, ազգությամբ հայ Շանթ Ոսկերիչյանին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ առանց նշելու որևէ պատճառ և առանց մուտքի մերժման չափանիշների ներկայացման նրան վերադարձրեց Ֆրանսիա:
Սկանդալային այս դեպքին հաջորդած օրերից ի վեր սփյուռքահայ բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ դատապարտեցին և շարունակում են դատապարտել ՀՀ պետական մարմինների այս կամայական վարքը և պահանջում վերանայել Շանթ Ոսկերիչյանի Հայաստան մուտքի արգելքը:
Դեպքը իսկապես դարձավ Սփյուռք-Հայաստան ներկա հարաբերությունների հիմքերը քանդող վտանգավոր երևույթ, որի արագ վերացման համար ներդրվեցին սփյուռքյան և հայրենի զանազան կազմակերպությունների և մտավորականների հսկայական ջանքեր:
2016թ. մարտի 2-ին ՀՀ վարչական դատարանը պետք է քննի այս արտառոց դեպքը և պատասխան ուղարկի հասարակության լայն խավերի հարցմանը:
Հայկական վերածննդի սփյուռքյան շարժումը պահանջում է ՀՀ արդարադատության մարմիններից ՀՀ քաղաքացիներին և մեզ` սփյուռքահայերիս տա հստակ բացատրություն, թե որ հարցում է Շանթ Ոսկերիչյանը վտանգել կամ վտանգում ՀՀ շահը, իր գործունեությամբ ինչ վնաս է տալիս փարիզաբնակ հայը հայ ժողովրդին, նրա պետությանը: Շանթ Ոսկերիչյանի գործը այժմ հասարակական մեծ հնչեղություն է ստացել և պահանջում է հասարակական լայն զանգվածների կողմից կատարած հարցադրման հստակ պատասխան, արդար բացատրություն:
2016թ. մարտի 2-ին ՀՀ վարչական դատարանի արդար ընթացքը և կայացրած անկախ որոշումը կարող է որոշիչ չափանիշ հանդիսանալ և օգնել մեզ` սփյուռքահայերիս, նորովի ծրագրել ու կառուցել Հայաստան-Սփյուռք ժամանակակից հարաբերությունների նոր կամուրջը:
Մենք սպասում ենք դրան:
1 մարտ 2016թ.
Հարգանքներով`
«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում
Ստորագրությամբ`
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
1 Comment
Շանթ Ոսկերիչյանի Գործը Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության և Հայաստան-Սփյուռք Հարաբերությունների Գնահատման Բարոմետրն է – Լր