800 հեկտար հողի կորուստը ունի շատ ավելի մեծ նշանակություն, քան դրա մասին խոսվում է: Նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ այդ հողերը իրենց չափով և ռազմավարական ու տակտիկական նշանակությամբ որևէ արժեք չէին ներկայացնում (որը միանշանակ սխալ է), և որ դրանց կորուստը մեր բանակի համար բարոյա-հոգեբանական ազդեցություն էլ չունեցավ (որը նույնպես սխալ է), ապա անտեսվում այդ հողերի գրավման հսկայական նշանակությունը Ադրբեջանի համար, և մասնավորապես Ալիևի իշխանության համար:

Ընդամենը 800 հեկտար հանձնելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն թույլ տվեց, որ Ադրբեջանը զգալիորեն բարելավի իր բանակի կոտրված բարոյա-հոգեբանական վիճակը, դրանով ստեղծելով ավելի ռազմատենչ և վտանգավոր հակառակորդ, այլ դրանով նա ուղղակիորեն սատարեց Ալիևի իշխանությունը, որը վտանգի առջև էր հայտնվել նավթի միջազգային գների անկման հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական ճգնաժամի պատճառով (Ադրբեջանը ունեցել է 3.5% տնտեսության անկում միայն այս տարվա առաջին քառորդում):

Իսկ այժմ Ալիևը այդ 800 հեկտարի շնորհիվ, որը բնականաբար ներքին սպառման համար ներկայացվում է խիստ չափազանցված, ունի մինչև ատամները զինված և «հաղթանակով» հարբած, ավելի վճռականորեն տրամադրված ու ոգեշնչված բանակ, ամրապնդված միահեծան իշխանություն, և մեծ ախորժակ ավելի մեծ «ամայի» տարածքներ ձեռք բերելու և մեզ մեծ թվով զոհեր պատճառելու:

Սերժ Սարգսյանի և ՀՀԿ պաշտոնյաների արդարացումները ապացուցում են նրանց ռազմավարական մտածողությունից և քաղաքական հեռատեսությունից զուրկ լինելը: Գնալով ավելի ենք համոզվում, որ մեր երկրի ղեկավարությունը նույնիսկ ընդունակ չէ բազմակողմանիորեն գնահատել իրավիճակը, թշնամու առավելությունները և թուլությունները և համապատասխան ձևով ընդունել Հայաստանի շահերից բխող որոշումներ: Ինչպե՞ս այս ապիկար, ինքնակոչ իշխանությունների ամայի ուղեղներին հասցնենք պարզ իրողություններ, որպեսզի նրանք այս կարևոր պահին թույլ չտան երկրի համար ճակատագրական սխալներ:

Մի՞թե պարզ չէ, որ մեզ համար շատ ավելի նպաստավոր է ունենալ անկայուն և բարոյա-հոգեբանորեն ճնշված Ադրբեջան իր անկայուն քաղաքական ղեկավարությամբ, ինչպես կար 1994թ-ին, որի շնորհիվ մեզ հաջողվեց մեծ տարածքներ ձեռք բերել: Քան ունենալ ռազմատենչ Ադրբեջան իր ռազմատենչ բռնակալ ղեկավարով, որը նույնիսկ եթե ենթադրենք, որ նավթի գները այլևս երբեք չեն բարձրանալու, դեռևս ունի $35 միլիարդի դրամական ռեզերվ, որով կարող է մի քանի անգամ բազմապատկել իր սպառազինությունները: Իսկ եթե նավթի գինը սկսի բարձրանա՞լ: Այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Հարկավոր է մի քիչ հեռատես լինել:

Մենք բնականաբար որևէ ազդեցություն չենք կարող ունենալ նավթի գնի վրա, սակայն մենք կարող են մեծ ազդեցություն ունենալ ադրբեջանական բանակի բարոյա-հոգեբանական վիճակի վրա: Դեռևս ուշ չէ’ ճիշտ որոշումներ կայացնել: Հարկավոր է ոչ միայն կորցրած 800 հեկտարը ետ վերցնել, այլ գրավել լրացուցիչ հողեր ու դրանով կոտրել թշնամու ոգին, թուլացնել ռազմատենչ Ալիևի իշխանությունը և պատերազմի ախորժակը: Պատերազմում ցավոք լինում են և կլինեն զոհեր, սակայն շատ ավելի մեծ զոհեր կլինեն, եթե մենք չկանխենք ավելի մեծ և վտանգավոր պատերազմ:

Սասուն Քոսյան
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժման Նյու Յորքի մասնաճյուղ

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.