«Առաջին լրատվական»  զրուցակիցն  է «Հայկական Վերածնունդ» համագաղութային  շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը:

-Պարոն Ոսկերիչյան, դրսից հետևում եք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Նոր ձևավորված կառավարությունն արդյո՞ք հույս ներշնչում է, որ Հայաստանում ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվելու է:

-Բացարձակապես՝ ոչ: Եթե մի քիչ հումորով ասեմ՝ մուկը գնաց, կատուն եկավ. ոչ մի բան չի փոխվելու անձերի փոփոխությամբ, արմատական փոփոխություններ չկան: Պետք է լիովին արմատական փոփոխություններ լինեն, կարծեմ թե իշխանավորները պետք եղած թափը չեն առել «Սասնա ծռեր»- ի գործողությունից հետո:

-Այսինքն՝ որևէ ակնկալիք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը որևէ բան կփոխի, դրական տեղաշարժ կլինի, չունե՞ք:

-Ո՛չ: Ընդհանուր առմամբ ընտրություններից էլ ոչ մի բան չպետք է սպասել: Դաշտը համաձայնեցված է, հայտնի են, թե առաջիկա ընտրությունների ժամանակ՝ ապրիլին ով պետք է լինի ընդդիմադիր (իհարկե կեղծ ընդդիմադիր) և մաս կազմի այդ խաղերին, և ովքեր պիտի լինեն իշխանավորները. որևէ սպասելիք չկա:

-Պարոն Ոսկերիչյան, այս քայլերը՝ կառավարության փոփոխությունը, նոր կազմի ձևավորումը, ըստ Ձեզ, հուլիսյան իրադարձություններո՞վ էին պայմանավորված:

-Կարծում եմ՝ երևութապես ինչ-որ բան փոխել ուզեցին, և այս վարչապետը մի քիչ ավելի լավ է խոսում, քան նախորդը, փողկապ է կապում: Այդպես են մարդկանց խաբում: Երբ որ չեն փոխվում և չեն տալիս անցած-գնացած դեպքերի գնահատականը, քառօրյա համաձայնեցված պատերազմի պատասխանատուներին եթե պատժի ենթարկեին, թերևս, կարելի էր մտածել, որ ինչ-որ բան արվում է: Կամ երբ գլխավոր դատախազը հրաժարական տվեց, մինչ այդ ինչեր էր ասել, երբ որ «Սասնա ծռեր»‑ն արդեն ՊՊԾ գնդում էին, ասել էր, որ եթե պատանդներին, (իհարկե պատանդներ չէին, իրենք են պատանդներ ասում) ազատ արձակեն, նրանց որևէ պատժի պետք չէ ենթարկել, հավանաբար դրա համար նրան ստիպեցին հրաժարական տալ: Հիմա բանտարկել են, նստեցրել են նույնիսկ վիրավորներին, որոնք հիվանդանոց գնալու կարիք ունեն, նրանք այսօր ամենավատ պայմաններով բանտերում են: Սրանք անհնարին բաներ են թվում, բայց արվել են, Աստծուց պետք է վախենան, շատ վատ պետք է լինի իրենց վերջը, հավատացեք:

-Նկատի ունենք, որ այս փոփոխությունները, որ արդյունք չտան, հանրությունը կինքնակազմակերպի՞, օրինակ՝ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը պատրաստվում է ներկայացնել ճանապարհային քարտեզ, և փաստորեն ընտրական գործընթացներով այլևս չեն պատկերացնում փոփոխություն: Դուք արդարացվա՞ծ եք համարում ապստամբությունը Հայաստանում այս պահին:

-Իհարկե, ապստամբությունը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է: Երբ որ 25 տարի ի վեր պետական տեռորիզմ է կատարվում ժողովրդի դեմ՝ ընտրությունների ժամանակ գողանալով իրենց բոլոր քվեները, դա պետական ահաբեկչություն է, և սրա դեմ ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու անհնազանդության ճանապարհով, մենք արդեն Սփյուռքում մտածել ենք այդ անհնազանդությունը սկսելու մասին. եթե այստեղ որևիցե մի երկրում այդ երևելիներից մեկը կա, մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, խումբ ենք կազմել, որ հետաքրքրվում է, թե դրսում ինչ ունեն, ուր են գնում, ուր են գալիս, այդ ճամփով իրենց հանգիստ պիտի չթողնենք: Արսինե Խանջյանի նման մեկին (դուք նրա հետ հարցազրույց էիք արել) ոստիկանները բերման ենթարկեցին: Մենք ուզում ենք կապի մեջ մտնենք, որպեսզի միասին աշխատենք:

– Արդյո՞ք ընտրության ճանապարհով այլևս ելք չկա հասնել փոփոխությունների:

-Ես հարյուր-հազար անգամ կարող եմ ասել, որ ընտրություններով Հայաստանում որևէ փոփոխության հասնել հնարավոր չէ: Դա ևս մեկ անգամ փաստվեց ՏԻՄ ընտրություններում, այդ խեղկատակությունը տեսանք արդեն Գյումրիում և Վանաձորում: Երբեք, երբեք, երբեք որևէ հույս չպետք է ունենալ, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր է որևիցե բան փոխել: Ցավում եմ ասել, որ քանի անգամ գնում-գալիս էի Հայաստան ժամանակին և ում որ հանդիպում էի, մարդիկ ասում էին, որ ընտրություններով հնարավոր չէ՝ սրանք եկել են արյունով և արյունով պետք է գնան, այդպես էր ասում ժողովուրդը, և ձեռքով ցույց էին տալիս ատրճանակի նման մի բան և ասում էին՝ պետք է խփել սրանց. տղերքն այդ էին ասում: Բայց երբ 30 քաջեր լծվեցին այդ գործին, ես ցավում եմ, որ մաքսիմում, իմ իմացածի համաձայն՝ մեկ օր 30 000 հոգի հավաքվեցին: Իհարկե ճնշումներ կային, կարող էին բերման ենթարկել, փողոցից կարող էին բռնել-տանել, բռնապետության մեջ էինք ապրում այդ օրերին, բայց այդ օրերին, կարծում եմ, որ եթե ոչ թե երեսուն հազար, այլ հարյուր հազար հոգի դուրս գար, այս հարցը կլուծվեր:

-Իսկ ինչո՞ւ չեն հավաքվում 100 000 հոգի, ըստ Ձեզ:

-Ախր հարյուր տեսակի շանտաժներ են անում, սպառնում են, ասում են՝ եթե գնաք, գործից կհանենք: Այդ մարդիկ, որոնք իշխանությունների լծի տակ են, նրանց ընտանիքի անդամներն աշխատում են, դժվարությամբ են ապրում, չեն ուզում, որ աշխատանքը կորցնեն, կարծում եմ՝ դա է հարցը: Կան ծանր ճնշումներ և իհարկե վախ, առանց որևէ բան անելու, մարդկանց տանում բանտերում նստեցնում են. տեսեք՝ Կարո Եղնուկյանին ձերբակալել են. ի՞նչ է արել Կարո Եղնուկյանը. «Սասնա ծռեր»- ին աջակցե՞լ է: Այո, ես՝ ինքս էլ աջակցում եմ «Սասնա ծռեր»-ին, ամբողջ Սփյուռքն այսօր Սասնա ծռեր են, իրենց հետ մտածում ենք, իրենց հետ քայլում, իրենց հետ ապրում ենք:

 

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

Աղբյուր՝ http://www.1in.am/2038337.html

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.