«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական Վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը։
– Պարոն Առաքելյան, սփյուռքահայ մտավորականների Justice Within Armenia նախաձեռնությունը ինչո՞ւ այդքան քիչ սփյուռքահայերի ոգևորեց: Ի՞նչն էր պատճառը:
– Կարծում եմ՝ խնդիրը հարցադրման մեջ է: Սփյուռքահայության մեծ մասն այսօր քաջ տեղյակ է հայրենիքում կատարվող իրադարձություններից և նման դիրքորոշումը երևի նպատակահարմար չի գտնում: Հետևելով Հայաստանում տեղի ունեցած նախորդ բազմաթիվ ընտրություններին՝ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն արդեն լավ ծանոթ են ընտրակաշառք, լցոնում կամ կարուսել հասկացություններին, և դրա հետ մեկտեղ տեսնում են այն բազմաթիվ արտերկրից ժամանած դիտորդներին, որոնք անխնդիր արձանագրում են ընտրություններն արդար և կայացած:
– Ատոմ Էգոյանը ասում է, որ մենք պետք է կարողանանք կրթել Հայաստանի քաղաքացիներին, որ ճիշտ քվեարկեն: Կարծում եք՝ Հայաստանում խնդիրը ճիշտ քվեարկության մե՞ջ է: Արդյո՞ք քաղաքացիները դրան չեն տիրապետում:
– Գիտեք, հարգարժան պարոն Էգոյանը իրավացի է նրանում, որ ճիշտ ընտրություն կատարելու համար հարկավոր են գիտելիքներ և փորձ: Ժողովուրդը պետք է կարողանա տարանջատել, ասենք՝ դատարկ պոպուլիզմը ռեալ նախընտրական խոստումներից, և ծանոթ լինի այն մեխանիզմներին, որոնցով իրավունք ունի պահանջել այդ խոստումների կատարումը իրենց ընտրյալներից: Սովետական ռեժիմը, որի օրոք մեզանից շատերը հասունացել են, նման գիտելիքներ չէր պարգևում: Բայց բանն այն է, որ Հայաստանում ներկա պարագայում այդ մեխանիզմները չեն գործում, իսկ շատերը, որ այսօր փորձում են իրենց ձայնը բարձրացնել՝ հայտնվում են ճաղերի հետևում: Այնպես որ նախաձեռնությունը, անշուշտ, շատ կարևոր է, բայց դեռ անտեղի:
– Որքանո՞վ է այս նախաձեռնությունը ոգևորել Պրահայի հայ համայնքին:
– Բոլորի համար ես իհարկե չեմ կարող ասել, թեպետ մեր համայնքը փոքր է: Կարծում եմ՝ մեծ ոգևորություն չկա: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ Չեխիայի հայությունը շատ ուշադիր է այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում հայրենիքում և արդեն բազմաթիվ անգամ ռեալ գործերով դա ապացուցել է:
– ՀԲԸՄ–ի հիմնադրման 110 ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը իր ելույթում ցանկություն է հայտնել նաև, որպեսզի Միությունն իր միջոցների մի հիմնական մասը պահի կայուն ֆինանսական համակարգ ունեցող Հայաստանում` դրանով ավելի շատ շահ ստանալով, և այդպիսով ավելացնելով բարեգործության ծավալները: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
– Մենք բոլորս լավ հիշում ենք Հայաստանի իշխանության միջամտությունը Քըրքորյանի հիմնադրամի միջոցների հետ կապված, հիշեցնում, որ մեծ հայազգի բարերարը դադարեցրեց ֆինանսավորումը և ընդհանրապես խզեց բոլոր կապերը հայ իշխանավորների հետ: Չեմ կարծում, որ ՀԲԸՄ-ի ղեկավարությունը կարող է գնալ նման քայլի:
Իսկ ինչպե՞ս կարող եմ պարոն Սարգսյանի այդ հայտարարությունը գնահատել …Ես ճիշտն ասած՝ չեմ հիշում Սփյուռքին ուղղված ոչ մի հայտարարություն Հայաստանի բարձր պաշտոնյաներից, որ մեծ արձագանքի արժանանար: Պետք է արձանագրեմ, որ 90-ականների այն Սփյուռքը այլևս գոյություն չունի՝ և դա շնորհիվ «լավ ուսուցիչների» և «ստացած դասերի»: Այսօր արտասահմանում բնակվող հայությունը ավելի ճիշտ և պրագմատիկ մոտեցում է փորձում ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին: Հույս ունենանք, որ դա իր դրական հետևանքները կունենա:
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Աղբյուր՝ http://www.1in.am/2060808.html
Leave a Comment