Ինչպես հայտնի է, սփյուռքի և Հայաստանի բազմաթիվ հայտնի հայերի կողմից ստեղծվել է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը: Անցած շաբաթ կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը տեղեկացրեց, որ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ սփյուռքի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն կիրականացնեն Հայաստանում:

Ըստ Արսինե Խանջյանի՝ նախաձեռնության հեղինակները ցանկանում են սեփական ներդրումն ունենալ ավելի ժողովրդավարական, օրենքի երկիր կառուցելու գործում: Հայաստան են ժամանելու Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և այլ հայտնի հայ մտավորականներ:

Մենք զրուցել ենք Ֆլորենցիայում բնակվող հայտնի հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ կտա սփյուռքահայ մտավորականների դիտորդական վերահսկողությունը: Մեր զրուցակիցն այդ նախաձեռնության անդամ չէ, սական նա նշեց. «Մտավորականն առաջինը պետք է բանտ ընկնի, եթե ռեժիմը հալածում է իր քաղաքացիներին: 1915-ին հայ մտավորականները վերադարձան Կոնստանդնուպոլիս, որ փրկեն իրենց ազգը կամ նահատակվեն ազգի համար: Մտավորականն այլ կերպ չի լինում: Եթե նա պատրաստ չէ իր կյանքը նվիրաբերել ազգի համար, ապա ազգը կմոռանա նրա ներդրումները, անգամ նրա հանճարը: Եթե սփյուռքահայ մտավորականը ցավում է իր հայրենիքի համար ու չի վերադառնում նրա փրկության համար, նա ուղղակի երեխա է, իսկ հայրենիքը նրա համար խաղալիք է, ձեռքից վերցնես՝ լաց կլինի, կոնֆետ տաս՝ ձայնը կկտրի: Հիմա հայրենիքին անձնազոհ մարդկանց ներկայությունն է պետք, ոչ թե միայն Գառնի, խորոված, լավաշ, հյուրանոց վայելողներ: Պետք են նրանք, ովքեր պատրաստ են դուրս գալ փողոց և մնալ այնտեղ այնքան, մինչև հայրենիքը չազատագրվի բռնակալներից: Սա արդեն պայքար չէ, սա կենաց-մահու կռիվ է: Կառավարությունը, որը ԿԳԲ-ի կամակատարն է (ՀՀԿ ծածկանունով), ազգի նվիրյալներին ձերբակալել է, մյուս նվիրյալներին էլ ստիպել է, որ արտագաղթեն, մնացածներին՝ կաշառել, ոմանց էլ հանցակից է դարձրել, որպեսզի հանկարծ չհամարձակվեն հակաճառել»:

Վիգեն Ավետիսի խոսքով՝ իրավիճակն օրհասական է: Քանդակագործն ընդգծեց, որ սփյուռքում ծնված հայրենասեր հայերի առաջարկը շատ դեմոկրատական է, սակայն հավելեց. «Գառան պարզությամբ դուրս գալով սոված գայլերի ոհմակի դեմ՝ միայն հիասթափություն կփոխանցեն: Ընտրությունները չկեղծվել չեն կարող»: Արվեստագետի պնդմամբ՝ Մոսկվան, Վաշինգտոնն ու այլ գերտերություններ չեն ճանաչի Արցախը, բայց կճանաչեն կեղծված ընտրությունները: Վիգեն Ավետիսն առաջարկում է բոյկոտ անել՝ չվճարելով գազի,  լույսի և այլ կոմունալ վարձերը: Այն կարծիքներին, թե Հայաստանից դուրս ապրել և քննադատել շատ ավելի հեշտ է, մեր զրուցակիցը հակադարձեց. «Եթե Արևելյան Հայաստանում կա Սփյուռքի նախարարություն, և այն ղեկավարում է Հրանուշ Հակոբյանը, իսկ արտործնախարարը Նալբադյանն է, ապա պարզ է դառնում այդ կառույցների իմաստն ու նշանակությունը: Մեր հայրենիքի մի մասը թուրքերի ձեռքում է, մյուսը՝ ռուսների, այսինքն՝ ՀՀԿ-ի: Դուք ասեք, թե ում դեմ են նրանք պայքարում»:

Աղբյուր՝ https://orer.am/?p=251530&l=am

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.