«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը:
– Պարոն Ոսկերիչյան, որո՞նք են Սփյուռքի և Հայաստանի մարտահրավերները: Ի՞նչ պետք է անի Սփյուռքը:
– Սփյուռքը բազմաշերտ է և ունի բազում խնդիրներ, բայց այսօր կարևորներից մեկը համախմբումն է, որը դեռ չի կայացել: Մենք աշխատում ենք ինչքան հնարավոր է համախմբել, որպեսզի կարողանանք միասնական ուժերով հանել Հայաստանն այս ճգնաժամից, որի պատճառը ազգային կառավարության բացակայությունն է:
Այս իշխանություններն օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները Սփյուռքը տարանջատելու՝ թույլ չտալու միավորվել, քանի որ միասնական Սփյուռքը իրենից վտանգ կարող է ներկայացնել անօրինական իշխանության համար: Նախ՝ կկորցնեն ֆինանսական աջակցությունը և դրա հետ մեկտեղ ազդեցությունը Սփյուռքի վրա: Իսկ ամենամեծ վախն այն է, որ Սփյուռքը կարող է միջամտել Հայաստանի քաղաքական դաշտին, որի հետևանքը ներկա իշխանության համար կարող է ճակատագրական լինել:
– Որքանո՞վ է Սփյուռքը այսօր ադեկվատ գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը:
– Սփյուռքը մինչև վերջերս գտնվում էր ավանդական կառույցների ազդեցության գոտում, և նրանք, ստեղծելով տեղեկատվական վակուում, զրկել էին Սփյուռքին ճիշտ կողմնորոշվելու հնարավորությունից, բայց արդեն երեք տարուց ավելի «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն անում է հնարավորը՝ մարդկանց մոտ կոտրելու կարծրատիպեր, որի հետևանքով մարդիկ արդեն սկսել են ավելի հետաքրքրվել Հայաստանով: Ցավոք, դեռ ավանդական Սփյուռքի մեծ մասը մի կողմ քաշված՝ ինչ-որ բանի է սպասում կամ գուցե չի ուզում մասնակից դառնալ իրադարձություններին: Ստացվում է, որ Սփյուռքը դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել, և, բնականաբար, վերաբերմունքը նույնպես անհամապատասխան է, իսկ արդեն կողմնորոշված մասը լավ գիտի՝ ինչ է ուզում և ինչպես կարելի է հասնել նպատակին:
– «Միասնություն Հայաստանում» նախաձեռնությունը, որը մասնակցություն կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններին, առաջարկում է երկպալատ խորհրդարան ունենալ: Ի՞նչ կարծիք ունեք այս գաղափարի վերաբերյալ, սփյուռքահայերի մասնակցությունը խորհրդարանում ի՞նչ կտա:
– Այն սփյուռքահայերը, ովքեր ընդդիմադիր են, երբեք չեն հասնի խորհրդարան, այդ խորհրդարան կմտնեն նրանք, ովքեր արդեն հաստատել են իրենց ենթակայությունը ներկա իշխանությանը: Արդյունքը լինելու է այն, որ ոչինչ չի փոխվելու, քանի որ Հայաստանում ներկա դրությամբ չկա և չի լինելու արդար ընտրություն: Միակ ելքն այս դրությունից համակարգի փոփոխությունն է:
– Առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ կերպ մասնակցելո՞ւ եք կամ աջակցելո՞ւ եք արդյոք «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը:
– Մենք որևէ ընտրության չենք մասնակցի և որևէ մեկին չենք աջակցի, քանի որ բազմիցս ասել ենք, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել փոփոխության:
Աղբյուր՝ http://www.1in.am/2072834.html
1 Comment