Սերժ Սարգսյանի` այսօր Ֆրանսիա կատարած այցն ուղեկցվելու է բողոքի ակցիաներով: Այս մասին NewsBook-ին տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարան»-ի ֆրանսիաբնակ անդամ Շանթ Ոսկուրետչյանը:
Նա տեղեկացրեց, որ նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահին և բոլոր այն պաշտոնյաներին, որոնք կանդիպեն Սարգսյանի հետ:
«Մենք, Ֆրանսիայի 8 կազմակերպությունները միասնաբար այսօր Փարիզում հավաք ենք կազմակերպել Սերժ Սարգսյանի և հայ համայնքի հետ հադիպման վայրից ոչ հեռու: Սերժ Սարգսյանը հանդիպում պետք է ունենա ֆրանսիահայ համայնքի ինքնագոչ, պնակալեզ անձանց հետ: Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնելու Ֆրանսիայի իշխանություններին, որ իրենց պատվին չի Ֆրանսիա հրավիրել մի երկրի անօրինական նախագահի, որն իր երկրի բանտերում պահում է մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ»,- տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը:
Նա հայտնեց, որ վաղը կեսօրին հավաք են կազմակերպելու այն վայրում, որտեղ Սերժ Սարգսյանը կհանդիպի Փարիզի քաղաքապետի հետ:
«Մեր ծրագրերի մեջ է նաև Հայաստանի սիրով կուրացած սփյուռքահայերին բացատրել, որ ռեժիմը և երկիրը տարբեր բաներ են: Մենք շատ սիրում ենք Հայաստանը, բայց 25 տարի է` մեր ժողովրդի դեմ կկիրառվի պետական հարված: Եվ այս դեպքում ժողովուրդը Սահմանադրությամբ արձանագրված իրավունք ունի ապստամբելու այս ռեժիմի դեմ: Ցավոք, «Սասնա ծռեր»-ին չմիացավ համայն ժողովուրդը, որպեսզի տեղի ունենա այն, ինչ որ համայն հայությունը սպասում էր»,- եզրափակեց «Հիմնադիր խորհրդարան»-ի ֆրանսիաբնակ անդամը:
Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?100981&l=am/
1 Comment