ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ.- Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Փարիզում նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, իսկ երեկոյան նաեւ հանդիպում-ընթրիք Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:
Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Լիոն՝ հանդիպում կունենա Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:
Միաժամանակ, Ֆրանսիայի 8 կազմակերպություններ նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրասուա Հոլանդին, Փարիզի քաղաքապետ՝ Աննե Հիդալգոյին և Լիոնի քաղաքապետ՝ Ժերարդ Կոլոմբիին, որպեսզի առաջիկա շաբաթվա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում բացատրություն պահանջեն «Հաց բերող»-ի իրավիճակի, Հայաստանում ազատ մտածողության արգելափակման անմարդկային պայմանների մասին և պահանջել քաղբանտարկյալներին ազատ արձակումը:
Այդ կազմակերպություններն են՝ Հայաստանի քաղաքական բանտարկեալներու զօրակցութեան յանձնախումբ, Փարիզի Հայկական Վերածնունդ, Հարիւրներու խումբ, Համագործակցութիւն Հայաստան, Շարժում, Հայասա, Ազատ ձայն, Հայրենատենչ Հայեր Հայաստանի ազատագրման համար ։
Նաեւ Հայաստանի քաղաքական բանտարկեալներու զօրակցութեան յանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ.
Հայաստանի նախագահի առաջիկա այցելության կապակցությամբ, Փարիզի նահանգապետարանը միայն այսօր ստանալով նրա այցելության կապակցությամբ նշված ճանապարհային ուղին, մեզ իրավունք է տվել մեր հանրահավաքն անել 07.03.2017 թվականին ժամը երեկոյան 19.00-ին Մադլեն հրապարակի վրա, ճիշտ Մադլեն եկեղեցու առջեւ:
Մետրո Մադլեն, ուր կարող եք հասնել մետրոյի 8-րդ 12-րդ եւ 14-րդ գծով:
Այսպիսով, բոլորս համախմբվում ենք երեքշաբթի, մարտ 7-ին ժամը երեկոյան 19.00-ին, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ինչպես նաեւ մեր ընդվզումն արտահայտելու համար ՉԸՆՏՐՎԱԾ նախագահի Փարիզ այցելության դեմ, -ասվում է հայտարարության մեջ։
ՕՐԵՐ
Նյութի Աղբյուր՝ http://orer.eu/hy/france-serz-sargsian-protest/
1 Comment