Իտալիայում ապրող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը մշտապես հետաքրքրվում և ապրում է Հայաստանի հասարակական-քաղաքական անցուդարձով, մամուլում հանդես է գալիս այդ իրադարձություններին տրվող գնահատականներով և վերլուծություններով։ Հետապրիլերկուսյան քաղաքական իրողությունների մասին է մեր զրույցը Վիգեն Ավետիսի հետ։

-Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ շահագրգռված էին ՀՀ-ի ԱԺ ընտրություններով, մտածում էին, որ կարող են ազդել այդ ընտրությունների վրա, սակայն դրանք անցան ընտրողներին կաշառելով, և իշխող ՀՀԿ-ն հերթական անգամ դարձավ դոմինանտ ուժ։ Փաստորեն մոտակա ժամանակներում փակվեց փոփոխությունների հասնելու ևս մեկ պատուհա՞ն։

-Ի տարբերություն մեր սփյուռքի բարեկամների, ես ծնվել եմ Արևելյան Հայաստանում։ Հայրական կողմից Վանից էին, իսկ մայրական կողմից՝ Աշտարակից։ Հայրս ու ես ծնվել ենք Երևանում, ապրել Սովետական Հայաստանում, ծառայել ենք Սովետական բանակում, պապերս կռվել են 2-րդ համաշխարհայինում ու հասել Բեռլին։ Ես մասնակցել եմ Արցախի ազատագրմանը և ակտիվորեն մասնակցել Հայաստանի ազատագրմանը ԽՍՀՄ-ից։ Այսինքն՝ ես այս Հայաստանի էության մեջ եմ ապրել և ինձ դժվար է հագցնել ամերիկյան վարդագույն ակնոցներ, ծանոթ եմ և՛ ռուսական շովինիզմին, և՛ արևմուտքի դեմոկրատ բանկերի գաղութացմանը։ Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին հասկանալու համար հարկավոր է տարիներով ուսումնասիրել, դա գիտական աշխատանք է, իսկ մեր սրտացավ հայրենակիցները զուտ բարի սրտացավությամբ ցանկացան մասնակցել մեր պատմության այս բարդ հատվածը հաղթահարելու համար։ Ամեն դեպքում շնորհակալություն եմ հայտնում և ողջունում, խնդրում եմ, որ չհիասթափվեն եւ աշխատեն ավելի լավ ու խորքային ուսումնասիրել մեր առանձնահատկությունները։

ՀՀԿ-ն չկազմեց մեծամասնություն, ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն չէ, այն տիրող համակարգ է, իշխանության լծակները անվերադարձ վստահված է նրանց այնքան ժամանակ, որքան նրանք հնազանդվեն այնպես, կառավարել, ինչպես նրանց հրամայում են այս սիստեմի ծրագրավորողները, հակառակ դեպքում կկրկնվի Հոկտեմբերի 27-ը։ Իրավիճակը շատ ավելի բարդ է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ես շատ ցավում եմ մեր ազնիվ հայրենասերների ինքնահրկիզումների համար, Շանթի ու նրա համակիրների, Ժիրայրի ու նրա համակիրների եւ մյուս քաղաքական բանտարկյալների համար։ Նրանք մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են, այսպիսի մարդիկ իրավունք չունեն արկածախնդրության զոհ դառնալ։ Եթե նրանք բանտերում լինեն, ապա ո՞վ պիտի խոսք ասի, ո՞վ պիտի ուղղորդի, ախր մեր մարդկային ռեսուրսը շատ սահմանափակ է։ ՀՀ-ում երբեք ընտրություններ չեն եղել, անգամ անկախության հանրաքվեն էր ուղղորդված։ Այդ պահին հարկավոր էր քանդել ԽՍՀՄ-ը, եվ մեզ վրա էր դրված նրա հիմքերը խարխլելու գործը։ Այդ ժամանակ էլ չթողեցին ժողովուրդն ընտրի իր առաջնորդին, ԼՏՊ-ին դարձրեցին այն միակն ու անկրկնելին, որ հանկարծ չազատագրվի մեր երկիրը ԿԳԲ-ի ճիրաններից։ ԻՍԿ ԴՈւՔ ԱՍՈւՄ ԵՔ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈւ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏՈւՀԱՆ։

-Դուք ժամանակ առ ժամանակ այցելում եք Հայաստան։ Ի՞նչ փոփոխություններ եք նկատում իշխանություն-հասարակություն հարաբերություններում, հանրային մտածողության մեջ։

– Հայաստանում փոփոխությունները ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ էր, այսօր էլ, կախված են Կրեմլից։ Եթե փոփոխություն ենք ուզում, ապա այնտեղ պիտի բան փոխվի, նրանք մեր ձեռքերը չեն ազատի, նրանք հաշվի կնստեն միայն Ժիրայր Սեֆիլյանին բանտ նետողի հետ, Հաց Բերող Արթուրին սովամահ անողի հետ…

-Ըստ Ձեզ՝ ապրիլյան պատերազմից հետո մեր ժողովուրդը պատրա՞ստ է ամեն գնով հասնելու խաղաղության։

– Հայ ժողովուրդը երբեք խաղաղություն չի ունենալու, սա մի անգամ եվ հավերժ հարկավոր է հիշել։ Հայ ժողովուրդը արժեքներ ստեղծող ու պաշտպանող է, իսկ այսպիսիներից վախենում են, զգուշանում են և ցեղասպանում են։ Մեր խաղաղությունը միայն մենք կարող ենք ՊԱՐՏԱԴՐԵԼ՝ ԿռՎԵԼՈՎ Ու ՀԱՂԹԵԼՈՎ։ Եթե մեր միջից դուրս գա ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅՈւՆը, ապա երբեք խաղաղություն չենք ունենա։ Բանտերում են հիմա հայրենասերները, սա պատահականությու՞ն է։ Բանտերից մազապուրծ են շատերը հեռացել, սա պատահականությու՞ն է. Աղքատ են ու վատառողջ մեր ազատամարտիկները, սա պատահականությու՞ն է։ Անգամ այս պայմաններում մեր ժողովուրդը ոտքի կկանգնի, եթե թուրքը համարձակվի մեր սուրբ հոգուն կպչել, թշնամու մոտից մի առաջնորդ կենդանի չի մնա։

Թագուհի Հակոբյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.