ԳԱԼԱ  լրատվամիջոցի հարցազրույցը Հայկական Վերածնունդի Նյու Յորքի մասնաճյուղի պատասխանատու Սասուն Քոսյանի հետ:

Տեղադրվում է ԳԱԼԱ-ի թույլտվությամբ http://galatv.am/hy/news/195154/

-Պարոն Քոսյան, ինչպե՞ս կբնորոշեք ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը: Վերջին շրջանում թվումէ հենց իշխանությունն է փորձում սրել իրավիճակը՝ ծեծի եւ բռնությունների ենթարկելով «Սասնա Ծռերին», նրանց մասնակցությամբ դատական նիստերը վերածելով ներկայացումների: Ինչու՞: Ինչու՞ է իշխանությունն ընտրել նման բիրտ մեթոդներ:

-Ներքին քաղաքական իրավիճակը ժողովրդի, քաղաքացիական հասարակության համար և ընդհանրապես ժողովրդավարության առումով անմխիթար է, իսկ Սերժ Սարգսյանի համար՝ գերազանց: Նա վերջին տարիներին նախատեսած իր բոլոր ծրագրերը գերազանց իրականացրել է և պատրաստվում է 2018 թ. իշխանության վերաստանձնմանը:

Սասնա Ծռերի դրվագը թեպետ լուրջ ցնցում և անհանգստություն առաջացրեց իր համար, սակայն այդ խնդիրը նա արդեն լուծել է իրեն ցանկալի տարբերակով, և այժմ մնում է Սասնա Ծռերին պատժելու հարցը: Պարզ է, որ ապստամբները ստանալու են ամենածանր քրեական հոդվածները: Սակայն դա Սերժ Սարգսյանի միակ նպատակը չէ: Սասնա Ծռերը ժողովրդի մեծ մասի աչքում հերոսներ են, իսկ դա վտանգ է ներկայացնում ռեժիմի համար: Այժմ բացի Սասնա Ծռերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց, ռեժիմի խնդիրն է նաև նրանց ճնշել, բարոյալքել, ժողովրդի աչքի առջև վարկաբեկել և հերոսի կերպարը ոչնչացնելով նրանց լիակատար չեզոքացնել: Նաև արհեստական պատճառներ են ստեղծում դատավարությունը փակ վարելու հնարավոր սցենարը արդարացնելու համար, որը կարելի է հեշտությամբ անել եթե նրանց մոտ հաջողվի Սասնա Ծռերին վարկաբեկելու ծրագիրը: Իմ կարծիքով բռնությունների և փաստաբանների առջև արհեստական արգելքներ դնելու պատճառը դրանով է պայմանավորված, այլ ոչ իրավիճակը սրելու ցանկությամբ: Իհարկե ոստիկանությունը այդ ամենը անում է հաճախ փնթի ձեռագրով, որը այդքան էլ ցանկալի չէ ռեժիմի համար, բայց ամեն դեպքում չի խանգարում իրենց նպատակներին:

-Երկրում վիճակը ծանր է, սակայն իշխանությունների կողմից ամբողջովին վերահսկելի է: Վերջին երկու ընտրությունները եւս ցույց տվեցին, որ իշխանությունը լծակներին տիրապետում է ամբողջությամբ: Այնուամենայնիվ, թվում է  հենց իրենք են հրահրում լարվածությունը, ինչի՞ց են վախենում:

-Կարծում են իրենք ամեն դեպքում կցանկանային առանց ավելորդ լարվածության ամեն ինչ անել, սակայն ոստիկանությունը այդ հմտությանը չի տիրապետում: Մենք տեսանք նրանց մեթոդները մեկ տարի առաջ, երբ նույնիսկ լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառվեցին, որը ոչ մի կերպ ռեժիմի շահերից չեր բխում: Կամ վերցնենք ոստիկանապետի միանգամայն ոչ ադեկվատ զգացմունքային դրսևորումը Էլեկտրիկ Երևան շարժման դեպքում: Այնպես չէ, որ ռեժիմը ինչ պլանավորեց 100% որակով իրականացվում է: Այս դեպքում նույնպես, մեծ մասամբ ոստիկանությունը և դատարանը կատարում են վերևից իջեցված հրահանգը, սակայն բիրտ ուժը նրբությունների ընդունակ չէ: Այդ պատճառով էլ ստացվում է այն, ինչ տեսնում ենք: Սակայն դա առանձնապես չի էլ խանգարում իրենց ծրագրերին: Պետք է նաև հաշվի առնել, որ ռեժիմը առանձնապես կարիք չունի քաղաքակիրթ և օրինապաշտ երևալու համար: Վերջապես ո՞վ պետք է ոստիկանությունից պատասխանատվություն պահանջի: Միջազգային համայնքը անտարբեր է, քաղաքացիական հասարակությունը թույլ է, չկան անկախ վերահսկող ինստիտուտներ: Հետևաբար պետք է լինի պատասխանատվության բացակայություն:

-Պարոն Քոսյան, ո՞րն է  ելքը, կամ լուծումը: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ-ում իրավիճակը փոխելու եղանակը: Զինված ապստամբություն, քաղաքացիական անհնազանդություն, թե թավշյա հեղափոխություն: Ո՞րն է  ավելի իրատեսական:

-Լավագույն ելքը դա ժողովրդի զարթոնքն է, ինչպես մեկ անգամ եղավ 1988 թվականին, որը հանգեցրեց կումունիստական իշխանության հեռացմանը՝ խաղաղ և քաղաքակիրթ ընտրությունների միջոցով: Ժողովրդի ճնշման արդյունքում ունեցանք քիչ թե շատ արդար ըտնրություններ և ընտրովի մարմին ի դեմս Գերագույն Խորհրդի, որտեղ ներկայացված էին ժողովրդի այն ժամանակվա ըտնրյալները: Այլ հարց է, որ տեղի ունեցավ նաև առնետավազք, որի հետևանքով նախկին կոմունիստական ապարատչիկները կաշին փոխեցին և դարձան ազգային գործիչներ ու դեմոկրատներ… բայց դա մի կողմ թողնենք:

Ցավոք սրտի այսօր ժողովրդի մեծ մասը գտնվում է տնտեսապես խոցելի և բարոյալքված վիճակում, և անկարող է ներքին վտանգները չեզոքացնել: Կարծում եմ մեր ժողովուրդը նույնիսկ չի էլ գիտակցում, որ կա այդպիսի ներքին վտանգ, որի մասին պետք է խիստ անհանգստանալ: Այսօր ներքին վտանգը նույնքան վտանգավոր է, որքան արտաքին վտանգը: Ներքին վտանգը սպառնում է ինքնիշխանության և պետականության կորստով, որին կհետևի տարածքների կորուստը: Կարծես թե այս պահին ժողովուրդը իր ամբողջ ներուժը խնայում է արտաքին թշնամու կողմից սանձազերծված հնարավոր  զանգվածային պատերազմի ժամանակ օգտագործելու համար: Նա միայն այդ պահն է տեսնում որպես զարթոնքի և մոբիլիզացիայի անհրաժեշտ պահ:

Այսպիսի պայմաններում փոփոխության ավելի հավանական թեպետ ավելի պակաս ցանկալի տարբերակը մնում է զինված պայքարը, ժողովրդի զինված ապստամբությունը իր ազատության և իրավունքների համար: Եվ դա էլ այն դեպքում, եթե դանակը հասնի ոսկորին: Բնականաբար քաղաքացիական խաղաղ շարժման միջոցով իշխանափոխությունը լավագույն տարբերակն է, սակայն իմ կարծիքով նաև մեր իրականությունում շատ քիչ հավանական տարբերակ է: Մենք ունենք ռեժիմ, որը իր իշխանության վտանգի դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա: Դա մենք տեսել ենք փաստացի և չեն գտնվի շատ մարդիկ, ովքեր դրանում կկասկածեն: Հետևաբար, այսպիսի պայմաններում զինված պայքարը համեմատաբար ավելի իրատեսական է, քան կրակի տակ քաղաքացիական պայքարի սցենարը: Չնայած զինված պայքարը նույնպես անիրագործելի է թվում, բայց իմ կարծիքով դա երկրորդ նախընտրելի տարբերակն է մեր պետության ապագայի համար: Իսկ երրորդ և վերջին տարբերակը դա ոչինչ չանել և կորցնել ինքնիշխանությունը և պետականությունը, որը աղետալի կորուստ կլինի և կշրջի Հայոց պատմության վերջին էջը: Այդ իսկ պատճառով էլ այս երկու վատ տարբերակներից ավելի նախընտրելի է զինված ապստամբությունը՝ որքան հնարավոր է քիչ կորուստներով, քան պետության կորուստը, որը ամբողջի կորուստն է: Սա միգուցե դաժան հաշվարկ է, բայց կարծում եմ ավելի իրատեսական:   Սակայն շատ կարևոր է նշել, որ ապստամբությունը պետք է լինի ժողովրդական ապստամբություն, և ոչ ինչ որ խմբավորումների կողմից իշխանության համար զինված պայքար:

-Օրերս նաեւ ժառանգության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ընդդիմության համախմբման մասին: Ի՞նչ կարծիք ունեք, որքանո՞վ է  հավանական նրա առաջարկած միավորման եւ իշխանափոխության սցենարը:

-Հետաքրքիր է, որ նա չի դադարել գեղեցիկ երազանքներ ունենալուց, բայց գործնականում կարծում եմ դա իր համար անհնար է իրագործել: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իր քաղաքական պայքարի գագաթնակետում՝  2013 թ. չկարողացավ հասնել ընդդիմության միասնությանը, ապա այսօր, ինչը կարելի է համարել իր գործունեության և քաղաքական կապիտալի ամենացածր կետերից մեկը, հաստատապես չի կարողանա հասնել ընդդիմության համախմբման: Ավելին, նա նույնիսկ չկարողացավ իր իսկ փոքր կուսակցության միասնությունը ապահովել և կորցրեց այնպիսի նվիրված և հավատարիմ քաղաքական գործչի, ինչպիսին էր Զարուհի Փոստանջյանը, և նախկինում նույնպես նրա կուկակցությունը իր որոշումների արդյունքում կորցրել է ընդգծված քաղքական գործիչների: Հիմա նա ինչ որ հրաշքով պետք է համախմբի իր մրցակիցների՞ն: Դա աբսուրդ է:

-2018 թ-ից ՀՀ-ում կգործի կառավարման խորհրդարանական մոդելը եւ հասկանալի է, որ Ս. Սարգսյանը ձգտում է դարձյալ մնալ իշխանության առաջին դեմքը: Ս. Սարգսյանի՝ ՀՀ –ում առաջին աթոռը զբաղեցնելու փորձերը կարո՞ղ են առիթ հանդիսանալ երկրում լուրջ շարժում սկսելու համար:

-Ինչպես նշեցի, Սերժ Սարգսյանը իր առջև դրված բոլոր ծրագրերը ջանասիրությամբ կատարել է և բոլոր նախադրյալները ապահովել, որպեսզի 2018-ին հաջողությամբ վերաստանձնի իշխանությունը՝ մնալով երկրի առաջին դեմքը: Որո՞նք էին այդ ծրագրերը: Ընդդիմության չեզոքացում, իր անձնական ամբիցիաների համար ստեղծված սահմանադրություն, ներքին մրցակիցների չեզոքացում կամ թուլացում, ամուր և ենթարկվող ՀՀԿ պլատֆորմ, ուժեղ վերահսկողություն ներքին անցուդարձին և վախի մտթնոլորտի ձևավորում, ինչպես նաև արտաքին բարենպաստ պայմաններ: Սերժ Սարգսյանը թեպետ և որպես պետական գործիչ բոլոր պարամետրերով ձախողված է, սակայն որպես ինտրիգների վարպետ ակնհայտ է, որ հասել է մեծ հաջողության: Դրանից պետք է գոնե քաղաքական խավը դասեր քաղած լինի, թե ինչպես է մեկ մարդը բոլորին մանիպուլացրել և ենթարկել իրեն, իսկ չենթարկվողներին հեռացրել քաղաքական դաշտից կամ թուլացրել այնքան, որ իր իշխանության համար վտանգ չներկայացնեն:

Ունենք մարդ, որը որպես երկրի ղեկավար ոչ մի նշանակալի ձեռքբերում այդպես էլ չկարողացավ գրանցել, բայց շարունակելու է մնալ երկրի ղեկավար: Ցավալի է, բայց իմ կարծիքով նրա իշխանության շարունակությանը սպառնացող քաղաքական ուժեր չկան: Սասնա Ծռերը, Հիմնադիր Խորհրդարանի ղեկավարները, այլ քիչ թե շատ ռադիկալ քաղաքական գործիչները բոլորը բանտում են: Ընդդիմության մասին կարելի է մոռանալ, նրանց հարցերը արդեն լուծված է: Մյուս կողմից կային հնարավոր ներքին մրցակիցներ, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում նա բոլորից ազատվեց: Տեսեք՝ այսօր ովքե՞ր են երկրի ամենակարևոր լծակների ղեկավարները: Սերժ Սարգսյանը նրանց փոխարինել է մարդկանցով, որոնք չունեն իրենց սեփական քաղաքական բազան, և լիովին կամ մեծ մասամբ կախված են հենց իրենից՝ Սերժ Սարգսյանից: Մարտական վաստակ ունեցող Սեյրան Օհանյանը փոխարինվել է ռազմական շրջանում զրո վարկանիշ ունեցող և քաղաքական զրո կաիտալ ունեցող անձով: ԱԱԾ պետը անփորձ ու անհայտ երիտասարդ է: Ազգային Ժողովի նախագահը փոխարինվել է մի պատահական անձով, որը ունի զրո ինքնուրույն քաղաքական հենարան: Իր իշխանության ամենամեծ վտանգը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարպետորեն չեզոքացվել և փոխարինվել է նույնպես ինքնորույն քաղաքական բազա չունեցող անձով: Ավելին, ժամանակավոր վարչապետի ողջ խարիզման անկախ իր կամքից հիանալիորեն ծառայել և ծառայում է Սերժ Սարգսյանի նպատակներին: Եվ նմանատիպ էլի այլ փոխարինումներով նա չեզոքացրել է հնարավոր բոլոր մրցակիցներին: Միակ փորձված կարևոր հանգույցի ղեկավարը դեռևս մնում է ոստիկանապետը, բայց նա իշխանության հավակնություններ կարծես թե չունի և հավատարիմ ծառայում է Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանի իշխանության միակ սպառնալիքը կարող է լինել արթնացած և ապստամբող ժողովուրդը, որը նրան կարող է ստիպել վերջապես հեռանալ պետության ղեկից և պատասխանատվության ենթարկել իր գործած բոլոր հանցանքների համար: Միգուցե Ադրբեջանի հետ հնարավոր զանգվածային պատերազմը նույնպես կարող է վտանգել իր իշխանությունը, բայց ոչ առանց ժողովրդական ճնշման:

-Զարգացման ինչպիսի՞ եղանակ եք պատկերացնում ՀՀ համար:

-Իմ կարծիքով այս պահին Հայաստանը իրական և շոշափելի զարգացման սահուն ճանապարհ չունի: Ցավոք սրտի զարգացման ճանապարհը միայն ցնցումների միջոցով եմ պատկերացնում:

 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.