«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը:

– Պարոն Առաքելյան, մեկ տարի առաջ «Սասնա ծռերի» կողմից տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, որն ավարտվեց տղաների՝ զենքերը վայր դնելով: Առհասարակ ի՞նչ փոխեց տեղի ունեցածը, արդյոք ինչ–որ փոփոխություն այդ քայլը մտցրե՞ց:

– Չեմ նկատում քաղաքական լուրջ փոփոխություններ: Կարող եմ միայն խոսել հետևանքների մասին: Իմ կարծիքով՝ հետաձգվեց ղարաբաղյան շրջանների հանձնման գործընթացը, բայց դա չի նշանակում, որ այն չի շարունակվի: Իսկ լուրջ քաղաքական փոփոխություններ չեմ դիտարկում։ Ավելի շուտ՝  տեսնում եմ բացասական փոփոխություններ։ Խոսքս ընդդիմության նկատմամբ իշխանությունների էլ ավելի մեծ ճնշման գործադրման մասին է։ Մի դրական հետևանք էլ ունեցան այդ դեպքերը. մեր գիտակցության մեջ մտավ այն գաղափարը, որ, այնուամենայնիվ, հայ ազգն ունի անձնավորություններ, որոնք պատրաստ էին ու հիմա էլ պատրաստ են իրենց  կյանքը նվիրել հայրենիքի ապագային։ Այն ճարահատյալ քայլը, որ արեցին «Սասնա ծռերը», ուզում եմ ընդգծել՝ դա ահաբեկչություն չէր ոչ մի դեպքում։ Փորձում են հիմա այդպես ներկայացնել պետական լրատվամիջոցները, բայց դա իրականում ըմբոստություն էր ի պատասխան նրա, որ քաղաքակիրթ մեթոդները փաստորեն  ընդդիմության մոտ սպառվել են։ Իսկ «Սասնա ծռերի» անդամներից շատերը հենց ռեալ ընդդիմության ներկայացուցիչներ էին։ Մնացած ընդդիմադիրները, բացառությամբ մի քանիսի,  որ կան հիմա Հայաստանում, իրականում կառավարելի, այսպես ասած՝ համակարգային ընդդիմություն են: Միակ ընդդիմությունը, որ չէր կառավարվում, այդ տղաներն էին՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, որոնք չէին ուզում որևէ համաձայնության գալ գործող իշխանությունների հետ։

– Տեսակետ կա, որ զենք վերցնելու և զենքով խնդիրներին լուծում տալու մեթոդն այնքան էլ արդյունք չտվեց։ Համամի՞տ եք:

– Այն արդյունքը, որի մասին հայտարարում էին «Սասնա ծռերը», գուցե նրանք մեծ հույս էլ չունեին, որ դրան կհասնեն, ինչպես ասացի՝ նրանց արածը ճարահատյալ քայլ էր։ Այո, այսօր տեղի ունեցածը քաղաքական արդյունքների չբերեց, ընդհակառակը՝ բերեց նրան, որ ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք գտնվում էին ազատության մեջ, հայտնվեցին ճաղերի ետևում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր քարոզում էին խաղաղ իշխանափոխության գաղափարը, խոսքս, օրինակ, Կարո Եղնուկյանի մասին է, ում հիմա  25 տարվա ազատազրկում է սպառնում, թեև Կարո Եղնուկյանի մեղադրանքն ապացուցող ոչ մի հիմք քրեական գործը վարող ատյանները չեն կարողանում բերել։ Խոսքս միայն այսօրվա  մասին է, բայց Հայաստանն ունի նաև ապագա, որը, համոզված եմ, ամեն ինչ կբերի իր տեղը:    Իշխանությունը, վերացնելով  քաղաքակիրթ պայքարում հաջողության հասնելու ընդդիմության հնարավորությունները, հենց ինքն է դրդում ճարահատյալ քայլերի, որոնք իրենց հերթին կարող են ունենալ շատ ծանր հետևանքներ հենց իշխանավորների համար: Բոլորս հիշում ենք, թե ինչ վերջ ունեցավ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին։ Նրա վերջն սկսվեց նրանից, որ Քադաֆին վերացրել էր իր երկրում ցիվիլ ընդդիմությունը, որի հիմք էին կազմում ուսանողությունը և մտավորականությունը, նրանց փոխարինեց մեկ այլ ընդդիմություն, որը Քադաֆիին վերջիվերջո խոշտանգելով սպանեց։ Այդ ուրիշ ընդդիմությունը արդեն կարող է կիրառել այլ՝ ավելի դաժան և ոչ մարդասիրական մեթոդներ, որոնք հնարավոր է բերեն ավելի ծանր հետևանքների, ինչը և տեղի ունեցավ Լիբանանում:

– Դատարանում Ժիրայր Սեֆիլյանը դիմել է քաղաքացիներին՝ ասելով. «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին և տապալելու թրքաբոլշևիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը։ Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում։ Սպասում եք ռազմագերիների կացնահարմա՞նը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Ցավոք սրտի, ես Ժիրայր Սեֆիլյանի հետ մոտիկ ծանոթություն չունեմ, բայց դիտարկելով նրա անցած կյանքը, անցած ճանապարհը՝ հասկանում ես, որ այդ մարդն իր կյանքը լիովին նվիրել է հայրենիքին ու ազգին։ Հիմա որքանով է ազգը պատրաստ ընկալելու և ընդունելու այն խոսքերը, որ նա հիմա ասում է՝ ինձ համար հարց է, որովհետև փորձը ցույց տվեց, որ մեկ տարի առաջ ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ մենք չտեսանք հարյուր հազարավոր մարդկանց փողոցում։ Մարդիկ պատրաստ չէին։ Իմ կարծիքով՝ այն առաքելություն զգացող մարդիկ, որոնց  մասին խոսել է Ժիրայր Սեֆիլյանը և կոչ է արել, կատաստրոֆիկ քիչ են։ Հիմնական զանգվածը այն մարդիկ են, որոնք զբաղված են իրենց օրվա հացի խնդիրներով  կամ էլ մտածում են թողնել հեռանալ երկրից։ Ներկայիս պայմաններում, ես ճիշտն ասած, այդ ռեալ զանգվածային ուժ Հայաստանում չեմ տեսնում։

– Հայաստանում առհասարակ ինչպե՞ս է հնարավոր հասնել արագ փոփոխությունների։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմությունը համախմբվի և թույլ չտա 2018-ին Սերժ Սարգսյանին զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

– Ես դրա հիմքերը չեմ տեսնում, որովհետև այսօրվա ընդդիմությունը կառավարելի, համակարգային ընդդիմություն է։ Նրանք իրենց համար գծված սահմաններում ընդդիմություն են խաղում։ Ռեալ ընդդիմադիր ուժ, որը, մատնանշելով երկրի կառավարման հետ չհամատեղվող պարագաները, թույլ չի տա գործող իշխանությանը նորից ու նորից  վերարտադրվել՝  այսօր չկա։ Ժողովուրդն էլ այսօր դիտորդի դերում է գտնվում՝ շատ լավ տեսնելով, որ, օրինակ, իշխանությունը քրեական աշխարհի հետ համագործակցում է, որի ապացույցն են այն տեսանյութերը, որ պտտվում են համացանցում, կամ այն իրադարձությունները, որ նույն Չեխիայում տեղի ունեցան, երբ քրեական  հեղինակությունները հայաստանյան դիվանագիտական անձնագրերով են շրջում։  Նորմալ երկրում եթե քո զինակիցը քո թշնամուն զենք է վաճառում, ապա դա հանդուրժող իշխանությունը չի կարող կյանք ունենալ։ Կրեմլը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել մեր թշնամուն, որն առավոտից երեկո հայտարարում է, որ Հայաստանը վերացնելու է։ Մի՞թե մենք չենք հասկանում, որ վաղն այդ զենքով մեր երեխաներին են սպանելու  ու արդեն սպանում են, և որ այդ մեր զինակիցը իրականում ոչ մի զինակից էլ չէ: Նման փաստերը յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում կնշանակեին իշխանության վերջը, բայց մենք հանգիստ ընդունում ենք այդ փաստերը,  այնինչ դա անընդունելի է։  Այն բնակչությունը, որը փաստորեն հանդգնում է այդ բանաձևը, լուռումունջ նստած է և համարում է, որ դա նորմա է, նա դատապարտված է վարել այն կյանքը, որը այսօր առկա է։

– Իսկ ինչպե՞ս հնարավոր է դուրս գալ այս իրավիճակից։

– Իմ համոզմամբ՝ Հայաստանն այսօր գտնվում է ռուսական կայսրության կազմում։ Մենք չենք կարող այսօր մեզ ներկայացնել իբրև լիովին ազատ ու անկախ երկիր, և փոփոխությունները մեր երկրում, ազատագրումը այդ կայսրությունից կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ կայսրությունը  փլուզվի։ Իմ կարծիքով՝ փլուզման մեխանիզմն արդեն աշխատում է, և մոտակա 10-ամյակի, միգուցե 5-ամյակի ընթացքում այդ կայսրությունը վերջնականապես կփլուզվի։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, և թե ինչ ճանապարհ ունի Հայաստանը, ապա կարծում եմ, որ երբ փլուզումից հետո Կրեմլը կորցնի իր հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ, մենք պետք է կամք ունենանք և հասկանանք, որ մեր ապագան  ԵՏՄ-ն չէ, իսկ մեր դաշնակիցները  Ղազախստանն ու Ղրղըզստանը չեն. միայն դեպի Արևմուտք ուղղված ճանապարհը կարող է բերել լուրջ ժողովրդավարական փոփոխությունների, Հայաստանը կարող է ինքնաբավ պետություն դառնալ արևմտյան երկրների ընտանիքում։

Մենք ունենք բազմաթիվ հայազգի ներկայացուցիչներ, ովքեր այսօր աշխատում են ԱՄՆ-ում և Եվրոպայում, երիտասարդներ, որոնք սովորում են կամ ավարտել են և արդեն փորձ ու հմտություն են ձեռք բերում։ Իմ կարծիքով՝ հենց այդ պոտենցիալն է, որ  Հայաստանը հետագայում պետք է օգտագործի և ճիշտ ճանապարհի դուրս գա։ Այդ դեպքում մենք մեր ձեռքով կկարողանանք կառուցել թե՛ երկրի տնտեսությունը, թե՛ իրավական ու դատական համակարգերը, թե՛ անկախ ընտրությունների մշակույթը, որն անհրաժեշտություն է։ Ցավոք, մենք դա չենք գիտակցում ու  այսօր պատրաստ ենք 10 հազար դրամով մեր ձայնը վաճառել, մինչդեռ դա պետության և ազգի կայացման հիմքերի հիմքն է։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Աղբյուր՝ http://www.1in.am/2178749.html

Czech Republic Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.