Հարց ու պատասխան շարքից.
«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության հետ իր մտքերն է կիսել երգիչ–երգահան Արմեն Մովսիսյանը:
-Պարոն Մովսիսյան։ 2016-ի ապրիլյան քառօրյան այն երկբաժանը դառավ, որը ստիպեց մեզ բոլորիս վերջնականապես համոզվել, որ այս ՀՀ-ի ներկայիս իշխանական համակարգը չունի որևէ սրբություն, բացի իր ստամոքսից։ Մեզ բոլորիս մինչև այսօր անհասկանալի է, թե նման հերոս և քաջարի զավակներ ունեցող ժողովուրդը, ինչպե՞ս է արժանանում ապիկար և վախկոտ ղեկավարության, որը կարող է անմեղսունակի նման արդարանալ 80-ականների զենք ունենալու հանգամանքով։ Սա էլ ավելի խորացրեց ժողովուրդ-իշխանություն ճեղքը վերածելով այն վիհի, որը սպառնում է մեր ինքնիշխանությանը։ Ո՞րն է ըստ ձեզ պետականություն կառուցելու այն սկզբունքները, որը չի հանգեցնի նման ճգնաժամի։
Մինչև օրենքը հավասարապես չաշխատի հասարակության բոլոր խավերի համար, մինչև դատական համակարգը չդառնա անկախ,մինչեվ 25 ամյա մեր բոլոր հեընթացների համար օրենքով պատասխանատվության չենթարկվեն մեղավորները, ու չլինի քաղակական կամք անել այդ ամենը չեմ կարծում մենք այս ճահիճից դուրս գալու այլ ելք ունենք:
– Դուք և ձեր ընկերները առաջիններից էիք, որ ապրիլյան քառօրյաից հետո «Հայրենիքիս» խմբի և նրա աջակիցների միջոցներով ձեռնամուխ եղաք բանակի հոգսերին մաս կազմելու գործին։ Հատկապես կյանքի կոչեցիք ու համբերատար զարգացնում եք մի ծրագիր, որի արժեհամակարգերից մեկը դա՝ արժանանալ և պահպանել հանրային վստահությանը, ապահովելով 100%անոց թափանցելիություն։ Արդյո՞ք «Հայրենիքիս» խումբը ունի ընդհանրություն Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյանի ազգ-բանակ տեսլականի հետ։ Կարելի՞ է ասել, որ «Հայրենիքիս» խումբը կիրառական օրինակ կարող է հանդիսանալ այս գաղափարը կյանքի կոչելու և հաստատուն հիմքերի վրա դնելու համար, հատկապես Սփյուռքում։
Նայեք, ազգ բանակ կամ ազգ հայրենիք գաղափարը նոր բան չէ: Հիշեք նաև ապրիլին ինչպես ժողովուրդը դուրս եկավ ինքնաբուխ ու սփույռքը նույնպես անտարբեր չմնաց: Հարցը այն է, որ իրականում այդ ալիքը շատ արագ նստեց մի պարզ պատճառով, խանդավառության վրա երկար այդպիսի ալիք չես պահի: Պետք է ունենալ ուժեղ կամ գոնե վստահելի ուժ, ուժ հավաքող պետություն, որը կշահի համայն ազգի վստահությունը իր ազնվությամբ ու նպատակաուղղվածությամբ: Իսկ դա կլինի երբ կարգ ու կանոն հաստատենք մեր տանը: Այլապես այդ գաղափարը կարող է մնալ նվիրյալների մենաշնորհ: Օրինակ բերեցիք մեր խումբը: Այո’, այն ցուցադրական դաս կարելի համարել, թե ինչպես կարելիէ աշխատել անծանոթ մարդկանց կամավոր միավորմամբ,բայց արդյո՞ք այն շանս ունի դառնալ համազգային մոտեցում, սկզբունքը դժվար է գուշակել, որ չենք վերջանում արդեն լավ է, բայց որ դեռ շատ անելիք կա պահելով ազնիվ թափանցիկ վիճակը ու դառնալ համազգային կարգախոս, գաղափար՝ դա նույնպես փաստ է:
-Ներքին և արտաքին թշնամին լավ հասկանում է, որ ազգ-բանակ գաղափարախոսությունը հզոր մարտավարական ուժ է մեր հոգեկերտվածքի համար, եթե այն մտնի մեր ժողովրդի գիտակցության մեջ ու դառնա մեր առօրյան։ Դա է պատճառը, որ այդ գաղափարախոսության անունը գողացվեց ՀՀԿ իշխանավորների կողմից, որպեսզի այն արժեզրկի և փոշիացնի։ Այսպես են վարվել բոլոր երեք նախագահները, ովքեր տարբեր միջոցներով փոշիացրել և արժեզրկել են մի երկրի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր, որպեսզի կարողանան գաղափարը ծառայեցնել իրենց գրպանի նպատակներին։ Հիշենք «Համահայկական Հիմանդրամը», «Մարտիկ» հիմնադրամը և այլն։ Համոզմունք կա, որ բոլոր ժամանակներում ունեցել և ունենք հզոր գաղափարակիրներ և միաժամանակ այդ գաղափարակիրների գուցէ և անմեղսունակ հակառակորդ հայրենակիցներ։ Հեռու չգնանք, Նժդեհի արձանի վրա կրակողն էլ է հայ, Ժիրայր Սեֆիլյանին բանտարկողն էլ։ Հիմա մենք վերջիններիս տականքներ, դավաճաններ, ծախվածներ անվանենք թե՞ սա հիվանդություն է, որ պետք անհապաղ բուժվի «վիրահատության» ճանապարհով։
Պիտի հաշվի առնենք հասարակությունը բազմաշերտ է, ու այսօրվա իշխանական համակարգի սպասակող ու հարմարվողների մի խավ, որին քիչ է սրտամոտ, կամ հուզող Հայրենիքի և նրա ապագայի հետ կապված հարցերը, բայց նրանք շարունակում են մնալ մեր ազգի մի մաս: Հիմա կլինեն ծաղրածուի կարգավիճակով նժդեհականության գաղափարի տակ թաքնված, թե ազգային պսեվդո կուսակցության, կրկնվեմ միչև երկրում չտիրի օրենքի գերակայության սկզբունքը այդ բոլոր հարցերը կմնան ցավոք բաց: Վիրահատություննե՞ր …իսկ ով է անելու այդ վիրահատությունը , ու հասարակության այս բարոյական մթնոլորտում հանձն առնելու՞: Մեր մոտ որպես օրենք քաղաքական կամքը վերջանում է աթոռին նստելու հետ: Ցավոք եմ սա ասում, այդ կարող ուժը Հայաստանում բացի երիտասարդներից, որոնցից էլ դեռ չգիտենք ինչ կստացվի ու մէկ էլ բանակից ես չեմ տեսնում:
-2016-ի ապրիլյան քառօրյան և հետագա զարգացումները մեզ գալիս են ապացուցելու, որ ՀՀ նախագահի աթոռը արյան գնով զավթած անձը ոչ միայն արյունով հողը պահող զինվորին է ուրանում այլ նաև նրա ազատագրած հողերը։ Ունեզրկած քաղաքացուն այսօր փորձում են նաև հայրենազրկել, քանի որ իրենց ապաշնորհության պաճառով չեն կարող խաղաղություն ապահովել։ Կա համոզում քաղված պատմության դասերից, որ արտաքին թշնամին մեզ կարողացել է հայրենազրկել միայն ներքին թշնամու միջոցով։ Արդյո՞ք մեր մտավորականությունը այսօր ի վիճակի է պաշտպանել մեզ մեր ներքին թշնամուց։
Երբ իշախնության գալու հիմքը ոչ թե քաղաքացիների ազատ կամքի արտահայտության արդյունքն է, այլ աթոռ տիրելու սկզբունքը ու այն ծառայեցնելը սեփական շահերի համար, պահանջել բարոյականություն առավել քան միամիտ է: Հաշվի առեք, որ դա արդեն մի հոգի չէ, այլ կլանացված համակարգ, իր հիրարխիայով ու անդամներով: Քաղաքացին այդ խաղում առավելագույնը ընտրության ձևական մասը պաշտպանող դերակատար է, իր 10 հազար դրամ աշխատավարձով: Այո աշխատավարձով, ես չեմ սխալվում, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ընչազուրկ, բայց համակերպվող մեծամասնությունը համակերպվել է այդ դերի հետ: Հետևաբար իշխանությունը պարտավոր չի զգում իրեն հաշվետու զգալ , այլ վարվում է այնպես ինչպես իր սեփական կալվածքին պատկանող շնչավոր առարկաների հետ : Ընդիմությունը (բացառությամբ քաղբանտարկյալների) նոմինալ է, հասարակությունը՝ իներտ և վերահսկելի, իսկ ձեր նշած մտավորականության խավի համար էլ իր ուժերին ոչ համապատասխան բեռ: Ու այս ամենին որպես հետևանք մենք ունենք պարատ հող ամենաթողությանը, ճահճացմանն ու ապաշնորությանը, որն էլ իր հերթին հանգեցնում է տնտեսական ամլությանն ու տնտեսական անկմանը: Ես անկեղծ չեմ կարծում, որ դա դիտավորություն է, բայց այլ բան ակնկալել նման պետական կառավարման համակարգված «բարդակից» ուղակի ծիծաղելի կլիներ: Որպես հետևանք, կամ արձագանք այն ազդում է, վտանգավոր կասեի ազդում է ձեր նշած կետերի վրա:
–Սակայն զարմանալի է, որ հասարակության մտավորականություն հանդիսացող խավը, որն ի վերուստ պետք է մեր իմունային համակարգը հանդիսանար և մեզ զտեր ինքնաոչնչացնող գաղափարներից, այսօր աշխատում է ընդեմ ինքն իրեն։ Ցավոք իրենց մտավորական համարող ինչոր անհատներ մտավորականների անունից սկսել են դավադիր քարոզարշավ ընդեմ ազատագրված տարածքների պահպանման, իսկ մտավորականների բանակը թվում է սակավաթիվ։ Մեր զինվորը իր արյան գնով ազատագրել է մեր պատմական Հայրենիքը, սակայն երկու տասնամյակ անց պատմության այս հորձանոտում մնացել է միայանակ առանց իր մտավորականի։ Միգուցէ մեր մտավորականությունը դեռ չի՞ ազատագրվել (ստրկամտությունից), սա է՞ խնդիրը, թե՞ մտավորականությունը ամեն գնով, սկսած կերակրատաշտակին մոտեցնելով ու ահաբեկելով լռեցվում է։
Մտավորականությունը դա դասակարգ չէ. նույնիսկ խավ չէ, լավ երաժիշտից, գրողից դերասանից, գիտնականից, վերջը մտածող մարդուց, այսինքն հասարակությանը քիչ թե շատ հայտնի անձից պահանջել ունենալ տեսակետներ որը տարբեր է տիրող կլանի տեսակետից, ես չեմ համարում ռացիոնալ կամ գոնե միշտ չէ, որ այդպես է լինում: Իր գործունեության մեջ լինելով նկատելի դեռ չի նշանակում, որ նա պարտավոր է քաղաքական հարթակում նույնպես լինի նկատելի: Այլ բան, որ պարում են իշխողի նվագի տակ ու իրենց ոչ ազնիվ մղումներով շփոթեցնում առանց այն էլ շողուլից ընկած հասարակությանը, դա դատապարտելի է: Չնայած դրան էլ բացատրություն կա: Շատ պայմանականություններով տիրողների խավը կապել է նրանց: Նյութականից մինչև սովորական մարդկային վախը: Ձեր պատկերացրած մտավորականը սպիտակ ձիով հսկա դարձած Դոն Քիշոտը չէ , այն սովորական մարդ է, ոմանք ազնիվ, ոմանք ոչ, ոմանք հպարտ, ոմանք պնակալեզ, ոմանք համաձակ, ոմանք հարմարվող ու լուռ, պետք չէ ստեղծել նրանցից մի հատուկ տեսակ ու սպասելիքներ ունենալ: Այդ դաշտում էլ ամեն ոք իր ընտրությունն է անում ընդամենը:
Սեպտեմբերի 8, 2017 թ.
Leave a Comment