«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ լիբանանահայ Թորոս Սեֆիլյանը (Լիբանան, Բեյրութ):

– Պարոն Սեֆիլյան, Ժիրայր Սեֆիլյանը բանտից հանդես է եկել ազգային դիմադրության ճակատ ձևավորելու առաջարկով և 31 անուն նշել: Մի մասը ընդունել են առաջարկը, և արդեն առաջին հանդիպումն է կայացել: Ըստ Ձեզ՝ որքանով կարող է արդյունավետ լինել այս ճակատի ձևավորումը:

-Առաջին հերթին շատ լավ իմանալով, թե ինչ լուրջ և ծանր վիճակ է հայրենիքի ներսում, պետք չէ անտարբեր մնալ, յուրաքանչյուր հայորդի պետք է գիտակցի պահի լրջությունը: Գալով Ժիրայր Սեֆիլյանի կոչին՝ նա դիմեց հայ ժողովրդին և 31 անուն հրապարակեց: Կարևորագույն կետն այս կոչում համարում եմ հրապարակված մարդկանց անունները՝ որպես առաջնորդներ կամ ղեկավարներ: Բայց ամենակարևորը՝ թե՛ մարդիկ, որոնց անունները նշված են և թե՛ հասարակությունը պետք է կարևորեն Ժիրայրի փոխանակած մտահոգություններն ու մտքերը և ոչ այլ ուրիշ բան, բայց, ցավոք, մեր հասարակության մեծամասնությունը հիվանդագին մոտեցմամբ է վերաբերվում, և հիվանդագին մարդկանց ես-ը կործանում է, և եթե այսպես շարունակվի, կործանելու է մեր պետականությունը: Մենք անձնական օբյեկտ բացելու նպատակ չունենք:

–Կարծում եք՝ ե՞ս-ի խնդիրն է, թե՞ այն, որ, օրինակ, տարբեր արտաքին կողմնորոշումներ ունեցող մարդիկ են այդ ցանկում:

Անձնական ես-ի խնդիրը, որ նշում եմ, իր դերն ու մեծ ազդեցությունն ունի մեր յուրաքանչյուր գործընթացի վրա: Յուրաքանչյուր մարդ, անշուշտ, ունի իր ես-ը, բայց այս հանգրվանին, ես-երը պետք է դնենք մի կողմ, և սա  պետք է մշակույթի վերածենք ու սովորենք: Եթե ոչ, ապա տարիներն անցնում են, և հազար անգամներով նույն մտքերը բարձրաձայնում ենք և միայն խոսքի է վերածվել և չկա գործողություն: Եվ սա մեր կյանքի մեջ բացակայում է: Եվ գործի անցնելու լավագույն ձևը ազնվորեն լրջանալ և գործի անցնելն է:

-Եթե անգամ ցանկում ընդգրկված բոլոր մարդիկ միանային ազգային դիմադրության ճակատ ձևավորելու գործընթացին, հանրությունը կմիանա՞ր: Նշվում է, որ հանրությունը չի ուզում ընդվզել, պայքարել: Համակարծի՞ք չեք:

-Թեև տարիներ շարունակ ֆիզիկապես հեռու եմ գտնվում, բայց  տարիներ շարունակ գալիս եմ գնում, ես անտարբեր չեմ կարող մնալ հայրենիքիս և ժողովրդիս նկատմամբ: Ես իմ կարողությունների սահմաններում փորձում եմ աշխատել և մինչև վերջ աշխատելու եմ: Ինչ վերաբերում է հանրության մոբիլիզացիային, մարդիկ միտումնավոր են դա պրոպագանդում: Նախ և առաջ չեմ հավատում, որ ցանկացած հայորդի, անկախ գտնվելու վայրից, անտարբեր է իր հայրենիքի նկատմամբ: Իմ ասածին զուգահեռ, երբ ասում են՝ հանրությունն  անտարբեր է, գուցե մարդկանց առօրյան թույլ չի տալիս ժամանակ  տրամադրել ազգային ազատագրական պայքարին: Ես այս գործունեությունն անվանում եմ ազգային ազատագրական պայքար: Մենք 2000 թվականից չէինք կարո՞ղ կուսակցության վերածվել, բայց դա չարեցինք, քանի որ մենք ունենք այն գիտակցությունը, որ մեր այսօրվա խնդիրները մեկ օրվա կամ մեկ տարվա մեջ չեն հասունացել, և մենք խնդիրների առաջ ենք կանգնել: Այսօր մենք «անկախությունից» ի վեր խնդիրների մեջ ենք: Ցանկացած կուսակցություն, լինի իշխանություն, թե ընդդիմադիր, մեր այսօրվա խնդիրներից որևէ մեկը չի կարող մեզ դուրս բերել: Սա ազգային ազատագրական պայքարի կարիք ունի:

-Ցանկում կա՞ն մարդիկ, որոնց՝ ցանկում լինելը տարակուսելու առիթ է տվել Ձեզ: Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան… մի ժամանակ ում անունը կապված էր Մարտի մեկի հետ, ճանապարհ չէի՞ք տեսնում անցնելու:  

-Առաջին հերթին եկեք տեսնենք, թե այս հանգրվանին Ժիրայր Սեֆիլյանն ինչու նման էլիտար ցուցակով հանդես եկավ: Ժողովրդի, միամիտ մարդկանց մեծամասնությանը և գիտակից մարդկանց մեծամասնությունը միտումնավոր խրատներով են տարված: Փակագծերը բացեմ և ավելի հստակ ասեմ. եկեք պատկերացնենք,  որ Ժիրայր Սեֆիլյանի ներկայացրած ցանկը ինձ համար մեծ մաղ է, այնպիսի մաղ, որի ծակերը մեծ էին, և գալիք օրերին այդ մեծ ծակերից շատ մարդիկ պիտի դուրս գան: Ինչո՞ւ նման կերպ չեն փորձում մեկնաբանել, վերլուծել: Ինձ համար այս ցանկում կան անուններ, որ ես շատ եմ հարգում: Ժիրայր Սեֆիլյանի կողմից ներկայացվածը մեծ մաղ էր, ով կընդունի, կընդունի, իսկ ով ոչ, դա իր պրոբլեմն է:

-Սփյուռքում  ինչպիսի՞ արձագանք է ունեցել այս նախաձեռնությունը:

-Եկեք ավելի խորը նայենք: Դուք Սփյուռք եք ասում, բայց  Սփյուռքի խնդիրներից մենք տեղյակ չենք, և Հայաստան-Սփյուռք ծիծաղելի համաժողովները, որ լինում են, ընդհանրապես չեն արտացոլում այդ խնդիրները: Պատկերացրեք, որ ամբողջ հայազգի կաթողիկե համայնքը  հրավիրված չէ: Այսինքն՝ կաթողիկե համայնքը պատրիարքի գլխավորությամբ, այնտեղ  տեղ չունե՞ր: 1700 հոգին, որ մասնակցեցին, որևէ մեկը ինչու չասաց՝ հինգ հոգևոր առաջնորդների կողքին ինչո՞ւ չկա վեցերորդը, բա մեզ ամոթ չէ՞: Հակառակ նրան, որ ես կաթողիկե համայնքին չեմ պատկանում, բայց ես ճշմարտությունն եմ սիրում: Այսօր հոգեբանի կարիք ունի Հայաստանի քաղաքական դաշտը, բայց որքանով են պատրաստ հոգեբանները, որ ազնիվ վերլուծեն բարձրացված խնդիրները: Ես  միայն մեկ բան գիտեմ, որ կյանքը գնում է, մենք մեծանում ենք, և ցավոք, մոտ ժամկետում բոլորս գնացող ենք: Ամենացավալին այն է, որ մեր քաղաքական մշակույթում չկա գիտակցաբար հրաժարականներ տալը: Օրինակ՝ եթե Սեյրան Օհանյանը ժամանակին գիտակցեր, հրաժարական տար ու դուրս գար, այսօր նա կկարողանար ընդդիմության համար, քանի որ Ժիրայրը ներսում է, ղեկավարել, առաջնորդել: Եթե հիշում եք Բերձորի դեպքերը, դրանից առաջ Ժիրայր Սեֆիլյանը և Սեյրան Օհանյանը երկու հանդիպում էին ունեցել, և այդ հանդիպման հետ կապված բացահայտվեց, և երկու կողմերը չմերժեցին, ընդունեցին, բայց եթե նույնիսկ այդ օրերին Սեյրան Օհանյանն ազնիվ գտնվեր և ուզում էր մի բան անել մեր ժողովրդի և հայրենիքի համար, հենց ժամանակն էր, բայց ինչի ազնիվ չեղավ մեզ հետ:

Հայկական քաղաքական դաշտը  միտումնավոր կերպով մարդկանց ականջները լցնում է, թե մենք Արևմուտքի ագենտներն ենք, սրանք հիմար խոսակցություններ են: Ով կկարողանա  բացահայտել, որ Ժիրայր Սեֆիլյանը Արևմուտքի ծառան է, ես այդ օրվանից վերջակետ կդնեմ իմ փոքր եղբոր հետ հարաբերություններում:

Աղբյուր՝ http://www.1in.am/2222934.html

 

 

Lebanon Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.