ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Հայաստանում «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբությունից հետո տեղի ունեցան որոշ զարգացումներ, որոնք թերևս մեծ փոփոխություններ չեն մտցրել հայաստանյան քաղաքական իրավիճակում, ընթացել է դատավարություն, եղել են տարբեր հայտարարություններ:

Դրանցից թերևս հիշատակելին անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի կողմից հրապարակված վերջին հայտարարությունն էր՝ Ազգային միասնական ճակատ ձևավորելու մասին, որում ընդգրկված էին ընդդիմադիր գործիչների անուններ, ովքեր, ինչպես Սեֆիլյանն է ասել, «ունակ են համախմբվելու դեպքում կազմակերպել ժողովրդին և վերահաս աղետից փրկել պետականությունը, հայրենաբնակ հայությանը և Հայրենիքի ապագան»:

ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋԵ՞Լ Է

Իսկ Սփյուռքում ձևավորված «Հայկական վերածնունդ» շարժումը նախաձեռնեց հավաքներ, հանդիպումներ, ստորագրահավաքներ և այլ ձեռնարկներով հանդես եկավ, որոնք ևս ուղղված էին հայրենիքում տիրող անարդարությունների դեմ պայքարելու եղանակներ գտնելուն: Ըստ էության որքանո՞վ է պատրաստ Սփյուռքը ներգրավվել այդ գործընթացներում, արդյո՞ք հիմա էլ ինչ-որ գործողություններ մշակում է, թե՞ սկզբնական ոգևորությունը նահանջել է:

Այս մասին Noranor.ca-ն զրուցել է շարժման Լոս-Անջելեսի մասնաճյուղի անդամ Գուրգեն Մխիթարյանի հետ, ով համաձայն չէ այն մտքի հետ, որ նահանջել է ոգևորությունը, վստահեցնում է, որ քայլեր կատարվում են, բայց առայժմ դրանք հրապարակման ենթակա չեն:

 ՄԻ ՔԱՆԻ ՏՈԿՈՍԻ ԱՐԴՅՈՒՆՔ

«Հայկական վերածնունդ» շարժումը ամեն ինչ սկսեց զրոյից՝ Հայաստանում տիրող իրավիճակը Սփյուռքում ճիշտ ներկայացնել, քննարկումներ նախաձեռնել, հանրությանը իրազեկել ու ներգրավվել պայքարում, ու այդ զրոյական վիճակից որոշ առաջընթաց կա, վստահեցնում է Մխիթարյանը՝ օրինակ բերելով.

Որոշ սփյուռքահայեր արդեն ուրիշ բաներ սկսեցին խոսել, ռեժիմի թելադրած տեքստերը չէին ասում, այլ ինքնուրույն սկսում էին մտածել և ռեժիմին մատնացույց անում

«Այս տարվա Հայաստան-Սփյուռք հավաքը, որ ռեժիմը իր համար հարմար մարդկանց հավաքելով՝ սեպտեմբերին արեց, նույնիսկ այդ հավաքը ցույց տվեց տարբերությունը նախորդ հավաքներից, որ որոշ սփյուռքահայեր արդեն ուրիշ բաներ սկսեցին խոսել, ռեժիմի թելադրած տեքստերը չէին ասում, այլ ինքնուրույն սկսում էին մտածել և ռեժիմին մատնացույց անում, ռեժիմը շատ լուրջ խնդիրներ ունի և Հայաստանում շատ լուրջ վնաս պետք է կրի, այնպես որ զրոյից հասանք մի քանի տոկոսի, շարունակում ենք աշխատանքը, որ այդ տոկոսը մեծացնենք»:

Զրոյից սկսելով՝ պրոցեսը գնում է և արդեն բավական լայն շրջանակներ սկսում են խոհանոցներում քննարկել այդ ամենը, բայց վախենում են  դուրս գալ

Իսկ իրականում Սփյուռքում հասարակության գերակշիռ մասը անտարբեր դիրքորոշում է որդեգրել հայաստանյան ներքաղաքական հարցերի նկատմամբ, իսկ իրենց քայլերից հետո, հավաստիացնում է, որոշ առաջընթաց կա. «Զրոյից սկսելով՝ պրոցեսը գնում է և արդեն բավական լայն շրջանակներ սկսում են խոհանոցներում քննարկել այդ ամենը, բայց վախենում են  դուրս գալ»,-ասում է Մխիթարյանը:

Խոհանոցներից դուրս չեն գալիս, հետևաբար իրական պատկերացում կազմել նրանց թվի մասին դժվար է, բայց նաև «Հայկական վերածնունդ» շարժման անդամների կամ համակիրների թիվը մնայուն չէ.

«Բավական դեմոկրատիկ կերպով մարդիկ կարող են գալ և գնալ, դա միշտ լինում է, և անցած տարի, և այս տարի, բայց կազմակերպությունը կա և որոշ հարցերում ավելի ուժեղացել է, քան անցած տարի»,-վստահեցնում է «Հայկական վերածնունդ» շարժման ներկայացուցիչը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Հայաստանում համակարգը գործում է նույն ձեռագրով, որևէ դրական փոփոխություն չկա, և դա արտահայտվում է բոլոր բնագավառներում, այդ թվում և դատական համակարգում: Դրա մասին է վկայում «Սասնա ծռեր»-ի դատավարության ընթացքը, որի մասին «Հայկական վերածնունդ»-ի լոսանջելեսյան մասնաճյուղի գնահատականը նույնն է մնում.

Պատեպատ տալով իրենց՝ տարբեր գործիչներ, տարբեր կազմակերպություններ մոտենալու են այն բանին, ինչ որ Հիմնադիր խորհրդարանն էր ասում

«Դա թատրոն է, որ փորձում են օրինական բնույթ  տալ, բայց չեն կարող, որովհետև անօրինական գործողություններ են անում, և անօրինականությամբ չես կարող օրինականություն հաստատել, իսկ բացի դրանից քանի ժամանակը գնում է, մարդիկ շատ դժվարությամբ գալիս են այն ճանապարհին, ինչ-որ «Սասնա ծռեր»-ն էին մատնանշել մեկ տարի առաջ: Տեսնում ենք, որ կամաց-կամաց պատեպատ տալով իրենց՝ տարբեր գործիչներ, տարբեր կազմակերպություններ մոտենալու են այն բանին, ինչ որ Հիմնադիր խորհրդարանն էր ասում, և հիմա Ժիրայր Սեֆիլյանի նոր ցուցակը ստիպեց, որ նորից մարդիկ հավաքվեին ու նորից նույն բանի մասին խոսեին և կազմակերպչական տեսք տան, մենք տեսնում ենք, որ ապագան դա է»,-համոզված է Հայաստանյան իրավիճակով մտահոգ ամերիկաբնակ քաղաքացին:

Խոշոր հաշվով դատավարությունն ու դրա հանգուցալուծումը կապ չունեն հետագա քայլերի հետ, անկախ դրանից, Հայաստանի ներկա համակարգի դեմ պայքարի ու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու խնդիրները մնալու են օրակարգում, քանի դեռ լուծում չեն գտել:

Հայաստանի հարցը ոչ մի տեղ չի կորել, օրակարգում կա, և ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, կանգնի ու հեռացնի բռնապետությունը

«Օրակարգում դրված է Հայաստանի հարցը, որ շատ ավելի լուրջ հարց է, այն հարցը, որ «Սասնա ծռեր»-ն էլ օրակարգում են դրել, այդ հարցը ոչ մի տեղ չի կորել, այդ օրակարգը անկախ ամեն ինչից, անկախ եղանակից, անկախ ընտրություններից, անկախ ելույթներից օրակարգում կա, և ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, կանգնի ու հեռացնի բռնապետությունը, այդքան բան»:

 

Աղբյուր՝ http://noranor.ca/2017/10/28/%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%a8-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a3%d5%a1-%d6%83%d5%b8%d5%b2%d5%b8%d6%81-%d5%b8%d6%82-%d5%bd%d5%a1%d5%bd/

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.