«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, լիբանանահայ Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը (Լիբանան, Բեյրութ):

– Պարոն Սեֆիլյան, Զարուհի Փոստանջյանը համազգային ընդվզման մասին էր խոսում, հանդիպումներ ունենում Սփյուռքի ներկայացուցիչների հետ, երեկ էլ Կարմիր հրապարակում էր: Դուք նրան տեսնո՞ւմ են ձեր շարժման մեջ, թե՞ ոչ, միասին պայքարելու հնարավորություն տեսնո՞ւմ եք այս փուլում:

– Մենք հիմա այնպիսի փուլում ենք, որ պետք է էլ ավելի լրջանանք: Բայց, ցավոք սրտի, յուրաքանչյուր հայորդի չգիտակցելով փորձում է առանձին գործելաոճ հայթայթելով առաջ գնալ: Իրականում ես այդքան հույսեր չեմ կապում այն իմաստով, որ նա նախապես ասում է, որ որևէ ուժ չկա, որ իրենց հետ համագործակցում է կամ կարող է համագործակցել: Ժամանակը ցույց կտա, թե որ խումբը որքանով և ինչ կկարողանա մատուցել մեր ժողովրդին:

– Դուք էլ, Զարուհի Փոստանջյանն էլ դիմում եք Սփյուռքին: Հիմա ինչպե՞ս ենք պատկերացնում Սփյուռքին ընդվզելիս Մոսկվայում, Լոս Անջելեսում և Լիբանանում։ Առհասարակ, Սփյուռքը պատրա՞ստ է պայքարի, և եթե շատ տարբեր խմբեր Սփյուռքին կոչ են անում, այդ դեպքում, ո՞ր խմբի շուրջ պիտի համախմբվի Սփյուռքը:

– Եթե այսպես շարունակվի՝ զրո արդյունք կլինի: Ես դա այսօր չեմ ասում, դեռ երեկվանից ես ասել եմ, բայց, ի վերջո, լսող պետք է լինի: Դա մեծ թերություն է, որ յուրաքանչյուրը չի կարողանում լսել իր մյուս հայրենակցին, թե ինչ է ասում, ինչ կարծիքի է կամ որքանով է պատրաստ աշխատանքներին: Սա մեծ թերություն է, որ գրեթե բոլորի մոտ կա: Մեր «Հայկական վերածունդ» շարժումը արդեն հինգերորդ տարին է, որ շատ ակտիվորեն գործում է Սփյուռքի մեջ: Եթե ուժը իրեն ազնիվ ուժ է համարում և ասում, որ ազնիվ նպատակներով պետք է շարժվի, օրինակ, Զարուհի Փոստանջյանը շատ լավ գիտի, թե Սփյուռքում որքանով է պատրաստ «Հայկական վերածնունդը», բայց պատկերացրեք, որ ինքը նախապես չի դիմել «Հայկական վերածննդին», և գնաց անհատներ փնտրելով, որ այդ մարդիկ երկար տարիների փորձ նույնիսկ չունեն, և այդ մարդկանցով պսակադրվելով պետք է փորձի նոր ճանապարհ անցնել, և պատկերացրեք՝ որքան ժամանակ պետք է խլի քեզնից, երբ պատրաստի ճաշը կա և չես ուզում ուտել այդ պատրաստի ճաշից, և նոր գնում ես շուկա այսօրվա կամ վաղվա ճաշի համար գնումներ կատարելու նպատակով: Օրինակ՝ ես զարմացած եմ, և պատկերացրեք, մենք, օրինակ, Լոս Անջելեսի մասնաճյուղը մի դահլիճ էր վարձել մեր անունից և այդ ընթացքում նույնիսկ խոսափող չտրվեց «Հայկական վերածնունդի» մի անդամի, որ խոսք ասի, վաղը մյուս օրը Զարուհին պետք է այս ամենի պատասխանը տա, բայց մենք հիմա չենք ուզում ոչ փորձել խոչընդոտել, փորձել խանգարել, թողնում ենք՝ թռիչք առնի ինքն իր ուժերով, որքան կարող է, և ժամանակը ցույց կտա, թե որքանով և ինչպես կարող է հաջողել կուսակցությունը:

Նախկինում, սակայն, մեզ հետ զրույցում նշում էիք, որ հույսեր կապում եք Զարուհի Փոստանջյանի հետ:

Այո, ես հիմա էլ հույս ունեմ, բայց ես չգիտեմ այս հանգրվանին իր հետ ինչ է պատահել, նա համարձակորեն կրկնում է տասնյակ անգամներով, որ չկա մեկ ուժ, որի հետ կարող ենք համագործակցել: Սա իր նախադասությունն է՝ ոչ մեր ընկալումը: Եթե Երևան գամ, անպայման կհանդիպեմ Զարուհուն:

– «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետագա գործունեությունը ինչպե՞ս եք պատկերացնում: Շուտով կհրապարակվի ճանապարհային քարտեզը, բայց ինչպե՞ս պետք է հասնել արդյունքի:

– Ես սրանից առաջ էլ ասել եմ, ճակատի նոր խմբին էլ ասել եմ, որ եթե լուրջ, անկեղծորեն և արագորեն չշարժվենք, ի վերջո պայքարը պետք է իմաստազրկվի, ինչը կնաշանակի, որ մեր կյանքն էլ կիմաստազրկվի: Եվ սա պետք է նկատի ունենալ, յուրաքանչյուր առողջ հայորդի, ազնիվ մարդիկ, որ պետք է լծվենք, բռունցք լինենք, ուրիշ ելք չկա, բացի իրար հանդուրժելով, լուրջ մշակված ծրագիրը ժողովրդին բացատրելով և ժողովրդի հետ հստակորեն շփվելով, ի վերջո պետք է կարողանանք ժողովրդին ոտքի հանենք, փողոց դուրս բերել և ընդվզմամբ մենք պետք է կարողանանք այս համակարգը փոխել, հեռացնել իր առօրյա կյանքից և իր օրակարգից: Հիմա պետք է հարցնեք՝ եթե ընդվզում եք, ուրեմն ձեր օրակարգում զենքով պայքար կա՞: Շատերը փորձում են այդ ձևով մեկնաբանել, փողոց դուրս գալը կամ ընդվզումը միայն զենքով չէ, ժողովրդի միացյալ ուժը ամենահզոր զենքն է, և սա ի վերջո ժողովուրդը պետք է գիտակցի, վախի և անտարբերության, չպայքարելու և մասնավորապես նահանջի գինը հայրենիք կորցնելն է, և սա մեր ժողովուրդը պետք է գիտակցի և ուշքի գա: Եվ եթե ժողովուրդը կարճ ժամանակում չգիտակցի իմ ասած տարբերակը, կմնա այդ երազին, որ փորձում եմ բացատրել մեր ժողովրդին, որ ազգը ամեն օր երազ է տեսնում, իր երազի մեջ հանուն արդարության պայքարողին, սահմանը պահող հայ զինվորին է տեսնում, բայց լուսաբացին, երբ դուրս է գալիս, բարձրաձայն կասի՝ թող պայքարողը պայքարի, կյանքին մեռնեմ, ինքը չկա, և այդ երազով հայ ժողովուրդը կապրի ամեն օր: Շատերը գեղեցիկ մտքեր են ասում, լուծումների առաջին բանալին հնչեցնում են, մարդիկ ամեն օր երեկվա ասածը մոռանալով սպասում են ամեն օր, թե բա մի նոր բան ասեք, բայց այդպես չի կարելի, երեկվա, դրա առաջին օրվա գործողությունները մոռանալ և նոր էջից սկսել, հնարավոր չէ: Մինչև մեր ժողովուրդը ոտքի չկանգնի, այդ վաշխառու, բռնապետական համակարգը չի հեռանալու:

Աղբյուր՝ http://www.1in.am/2259450.html

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

 

Lebanon Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.