«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի կառույցի ղեկավար Շանթ Ոսկերիչյանը:
– Պարոն Ոսկերիչյան, ի՞նչ սպասելիքներ ունեք «Հանուն Հայաստան պետության ճակատից»։ Հռչակագրի ստորագրումից հետո կհրապարակվի ճանապարհային քարեզը, որը, ըստ էության, չի տարբերվի Հիմնադիր խորհրդարանի ճանապարհային քարտեզից:
– Ցանկացած գործունեության և տվյալ պարագայում ազգային ու պետական մասշտաբով քաղաքական գործունեության արդյունավետության առաջին նախապայմանը առկա խնդիրների ճիշտ բնութագրումն է: Հայաստանի գլխավոր խնդիրները ինքնիշխանության հաստատումը, ընդհանրապես Հայաստանի և այս պարագայում հատկապես Արցախի տարածքային ամբողջականության պահպանումը և, որպես ազատության ու արդարության նախապայման, երկրում իսկական սահմանադրական և ժողովրդավարական կարգի հաստատումն են: «Հանուն Հայաստան պետության Ճակատը» ձևավորվել է հենց այս սկզբունքների շուրջ:
Ե՛վ մենք, Ֆրանսիայում, և՛ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան ցանցային կազմակերպության մյուս մասնաճյուղերը ողջունել ենք Ճակատի ձևավորումը և հայտարարել դրան միանալու մեր որոշումը:
Քանի ճանապարհային քարտեզը դեռ չի հրապարակվել, կանխահաս կլինի ասել, թե դա որքանով մոտ կամ հեռու կլինի Հիմնադիր խորհրդարանի կամ այլ նախաձեռնությունների քարտեզից: Բայց վստահ եմ, որ այն համահունչ կլինի առկա իրադրության և նախանշված խնդիրներին:
– Արդյոք հանրային մոբիլիզացիա պատկերացնո՞ւմ եք ճակատի շուրջ: Մինչև հիմա լայն հանրային մոբիլիզացիա չի եղել, հիմա հնարավո՞ր է լինի:
– Հանրային մոբիլիզացիան կախված է և՛ տիրող առարկայական իրավիճակից, և՛ քաղաքական ու քաղաքացիական դերակատարների գործունեության որակից: Առարկայական պայմանները միշտ էլ առկա են: Ճիշտ է, նկատելի է ընդհանուր հոգնածություն և հոգեբանական անկումային վիճակ: Բայց քաղաքական դերակատարների գլխավոր գործառույթներից մեկը իրենց ազնվությամբ, ճշմարիտ ախտաճանաչումներով և լուծման խիզախ առաջարկներով ու քայլերով ժողովրդի մոտ հույսը, հավատը և ինքնավստահությունը վերականգնելն է: Ես հավատում եմ, որ «Հանուն Հայաստան պետության ճակատը» կլինի այսպիսին:
– Սփյուռքում և Հայաստանում հանրային ընդվզման կոչեր է հնչեցնում «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Դուք նույնպես հնչեցնում եք կոչեր Սփյուռքում: Զարուհի Փոստանջյանի հետ պատկերացնո՞ւմ եք ճանապարհ:
– Ինչո՞ւ ոչ: Զարուհի Փոստանջյանի ախտաճանաչումները և առաջարկած լուծումները շատ չեն տարբերվում Ճակատի մոտեցումներից: Բայց տիկին Փոստանջյանը վերջերս շատ է մեկուսացել բոլորից և նույնիսկ ոչ հարիր վերագրումներ է կատարում: Սա առաջին հերթին իրեն է վնասում: Եթե նա հրաժարվի այդ ապակառուցողական դիրքերից, համագործակցությունը կլինի հնարավոր:
– Որքանո՞վ է առհասարակ Սփյուռքը շահագրգիռ կամ պատրաստ խառնվելու Հայաստանի ներքաղաքական կյանքին:
– Սփյուռքը այնքան խայտաբղետ է, որ մեկ Սփյուռքի մասին կարելի չէ խոսել: Բայց Սփյուռքում կա առողջ հատված, որ անտարբեր չէ հայրենիքի ճակատագրով և ճիշտ է գնահատում իրավիճակը: Բայց նաև Սփյուռքը նայում է Հայաստանին. երբ Հայաստանում զգացվի շարժում, Սփյուռքի ներգրավվածությունը անպայման կավելանա:
Աղբյուր՝ http://www.1in.am/2259684.html
Leave a Comment