Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է եւ վաղուց ապացուցված է, որ սա քաղաքական հաշվեհարդար է նրա նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շանթ Ոսկերչյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին 11 տարվա ազատազրկման դատապարտելու մեղադրողի՝ դատարանում ներկայացրած միջնորդությանը:
«Ժիրայրի Սեֆիլյանի եւ նրա հետ դատվող խմբի նկատմամբ հարուցված մեղադրանքը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը, բոլորս գիտենք՝ ապացուցված չէ, փոխարենը վաղուց ապացուցված զինապահեստներ ունեն լիսկաները, դատումե ն Սեֆիլյանին: Դա նույնիսկ ցուցադրվել է, ավելին՝ բազմիցս օգտագործվել եւ օգտագործվում է: Ձերբակալման պահից ի վեր պարզ է եղել, որ սա քաղաքական գործընթաց է, ամբողջ ընթացքը եղել է քաղաքական եւ այսօր էլ շարունակում է այդպիսին մնալ»,-ասաց նա։
Շանթ Ոսկերչյանի խոսքով, Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկելու պահանջը բռնատիրական դրսեւորում է, որն Հայաստանում կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ:
«Զուտ իրավական առումով, ես վստահ եմ, որ պաշտպանները առաջիկա շաբաթներին բավարար բացատրություններ կտան, բայց դա, ցավոք, ոչինչ չի փոխի, որովհետեւ ոչ այս դատական գործընթացը, ոչ էլ պաշտպանների աշխատանքը ոչինչ չի փոխելու քանի որ այս ամենը քաղաքական է։ Սրանով միաժամանակ եւ քաղաքական, եւ նաեւ անձնական վրեժխնդրության խնդիր է լուծվում, ու դա լուծվում է ոչ թե որեւէ դատախազի կամ որեւէ այլ չինովնիկի, այլ այս համակարգի պարագլխի կողմից։ Նա նման վճռի պահանջով նաեւ ասում է՝ ես շարունակելու եմ անել ինչ ուզում եմ ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլեւ ցանկացածի նկատմամբ, իսկ ովքեր կհամարձակվեն ազնիվ եւ խաղաղ ձեւով ընդդիմանալ, նրանց այսպիսի արձագանք եմ տալու։ Ահավասիկ, մի բռնատիրական երեւույթի դրսեւորում, մենք տեսնում ենք նաեւ, թե ինչ ոտնձգություններ են տեղի ունենում փաստաբանական համակարգի նկատմամբ։ Այս ամբողջը միեւնույն քաղաքականության տարբեր դրսեւորումներն են»,-ասաց նա։
Շանթ Ոսկերչյանը քաղաքացիներին կոչ է անում պայքարել իրենց իրավունքների պաշտպանության համար. «Հանրությունը եւ քաղաքացիները պետք է զգաստանան այս ամեն ինչից եւ չպետք է թողնեն, որ այս երեւույթները շարունակվեն։ Ես վստահ եմ, որ Հայաստանում քաղաքացիները շուտով զգաստանալու են ու թե Սեֆիլյանի պարագայում, թե ընդհանրապես երկրում տիրող այս անիրավության դեմ իրենց ձայնը բարձրացնելու են»։
Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում, Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:
Աղբյուր՝ https://news.am/arm/news/436218.html
1 Comment