«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի կառույցի ղեկավար Շանթ Ոսկերիչյանը:
– Պարոն Ոսկերիչյան, «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը Ստրասբուրգում, Լոնդոնում, Փարիզում, Լոս Անջելեսում մարտի 8-9-ին կազմակերպում է հանրահավաքներ՝ մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանտարկյալների ազատ արձակման և ներկա անօրինական իշխանությունների հեռացման թեմայով: Մարտի տասին էլ «Հանուն Հայաստան պետության» ճակատն է կազմակերպում հանրահավաք։
– Մենք այս պահին Ստրասբուրգում և Փարիզում միաժամանակ կազմակերպում ենք հանրահավաք։ Մեր պահանջը նույնն է, ինչ ճակատի պահանջները, մենք ճակատի հետ միասին պլատֆորմ ենք ձևավորել, նույն օրակարգով ենք աշխատում՝ մարդու, փաստաբանների, կանանց իրավունքները, քաղբանտարկյալներին հարգելու պահանջով։ Հայաստանում լավ գիտեք, որ ընտանիքներում տղամարդիկ կոպիտ են վարվում կանանց հանդեպ։ Խոշտանգումների են ենթարկվում քաղբանտարկյալները, մենք շուտով պետք է հանդիպենք ԵԽ-ում խոշտանգումների դեմ պայքարող կոմիտեի նախագահի հետ։ Մենք ընդլայնված գործունեություն ենք ծավալում։
– Նիկոլ Փաշինյանը առաջարկում է համախմբվել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։ «Հանուն Հայաստան պետության» ճակատը դեմ չէ այս առաջարկին։ Ի՞նչ եք կարծում՝ մեկ ամիսը բավարա՞ր է։
– Համաձայն եմ այս օրակարգի հետ։ Շատ լավ գիտեք, որ նա նշանակված նախագահ է, ընտրված չէ, և նա ծայրաստիճան ստախոս է, խոստացել է, որ այլևս չի հավակնի այդ պաշտոններին, բայց այսօր հավակնում է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ այսպես է լինելու, և հիմա թեկուզ ուշ, բայց ոչինչ, ֆրանսիացիները ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Եվ հիմա Սերժ Սարգսյանի վերարտադրությանը դեմ լինողները պետք է միանան։ Առաջին հերթին կարևոր է այս ռեժիմից ձերբազատվելը։ Եվ այս ռեժիմից ձերբազատվելու համար բոլորը պետք է միանան, այսինքն՝ նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, և երկրորդական հարցերը պետք է մի կողմ դիմեն, լինի Զարուհին, լինի Նիկոլը կամ որևէ մեկը՝ պետք է իրար միջև առկա տարաձայնությունները մի կողմ դնեն։ Այսօր մեկ նպատակ կա՝ Սերժի վերարտադրությունից ազատվել։ Այո, մեկ ամիսը գուցե քիչ է կամ գուցե շատ է, բայց դա կախված է գործընթացներից։ Եվ կարող է պոռթկումը լինել միանգամից։
– Այսինքն՝ կարծում եք, որ այս կարճ ժամանակահատվածը խնդիր չէ՞ արդյունք գրանցելու համար, եթե լինի համախմբում։
– Այո։
– Բայց մենք տեսնում ենք, որ անգամ թանկացումների շուրջ չեղավ համախմբում։ Կարծում եք՝ այդ օրակարգի շուրջ հանրությունը կհամախմբվի՞։
– Մարդուն մարդու պես ապրելու համար, որպեսզի արտագաղթի տրամադրություն չունենա, այս նպատակից ավելի սուրբ նպատակ չկա, պետք է Սերժի վերարտադրությունը կանխել։ Եվ եթե հանրությունը այս օրակարգի շուրջ չհամախմբվի, չգիտեմ՝ ինչի շուրջ պետք է համախմբվի։
– Այդ քաղաքական ուժերը տարբեր կերպ են պատկերացնում պայքարը, դուք մերժում եք ընտրական գործընթացները, մյուսները՝ ոչ։ Մարտավարական տարբերություններ կան, հատման եզրեր տեսնո՞ւմ եք։
– Այո, մենք չէինք հավատում և հիմա էլ չենք հավատում, որ որևէ բան կարող է փոխվել Հայաստանում ընտրություններով։ Սա հստակ է։ Հիմա եթե Նիկոլը կամ Զարուհին նման կերպ չեն մտածում, դա իրենց պրոբլեմն է, բայց այսօրվա օրակարգը ձերբազատվելն է Հայաստանի երրորդ նախագահի ձեռնադրությունից։ Երբ նա նստի վարչապետի աթոռին, այնտեղ կմնա հավիտյան, և Հայաստանում նրանից հետո մարդ չի մնա։ Իրենք իրականացնում են թուրքերի ուզածը՝ Հայաստանն առանց հայերի։ Եվ մենք սրա դեմ ենք պայքարում։ Եթե 25 տարի շնորհքով ղեկավարներ ունենայինք՝ սկսած Լևոնից, այսօր ոչ թե մեկուկես միլիոն մարդ կմնար Հայաստանում, այլ 4-5 միլիոն։ Բայց նրանցից յուրաքանչյուրը մտածեց իր ընտանիքի ու իր գրպանի մասին։ Բայց մինչև ե՞րբ պետք է շարունակվի այս վիճակը, մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս վիճակը։
– Իսկ Սփյուռքը որքանո՞վ իրավունք ունի դրսում հայաստանյան խնդիրների շուրջ պայքար մղելու։ Տեսակետ կա, որ պետք է գան և Հայաստանում պայքարեն։ Համամիտ չե՞ք։
– Նրանք, ովքեր ասում են, որ դրսում ապրողներն իրավունք չունեն խառնվելու… երբ հիմնադրամը փող է մուրում այստեղից, այդ ժամանակ նման բան չէին ասում։ Մենք, իբրև դրսում ապրող հայեր, ունենք պարտավորություններ։ Իհարկե, իրավունք ունենք միջամտելու, ավելին՝ պառլամենտում էլ մենք պետք է սփյուռքահայ պատգամավոր ունենանք։ Այո, շատ դյուրին է ասել՝ եկեք Հայաստան, Հայաստանում պայքարեք, բայց մենք եթե Հայաստան ենք գալիս, մեր շուրջը պտտվում են ոստիկաններ, ԱԱԾ ներկայացուցիչներ։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են նվաստացնում մանկավարժների, դասախոսների, քաղաքացիների, իսկ մենք դրսում ենք, և մեր դեմ լծակներ չունեն կիրառելու։ Դրա համար մեր պայքարը պետք է հասցնենք ավարտին, և երբ Հայաստանը մարդավարի, շնորհքով երկիր լինի, շատ մարդ կվերադառնա հայրենիք՝ ապրելու, և այդ ժամանակ չորս միլիոն կլինեն։ Իսկ եթե այսպես շարունակեն, մեկ միլիոն մարդ հազիվ կմնա Հայաստանում։
– Կարծում եք՝ Սփյուռքը հիասթափվա՞ծ է Հայաստանից, որքանո՞վ է խնդիր տեսնում իշխանափոխության։
– Խնդիր տեսնում է Սփյուռքը, բայց չէ՞ որ Սփյուռքը «ղեկավարող» անկոչ ղեկավարները բոլորն էլ՝ դաշնակ, հնչակ, ռամկավար, մեղմ ասած, ծախված են Սերժ Սարգսյանին և իր բանդային, անդադար նման գործարքների մեջ են։ Սերժ Սարգսյանը մեկին՝ հյուրանոց, մյուսին սրճարան է տալիս՝ այդպիսով լռեցնելով Սփյուռքը։ Նա շատ լավ է օգտագործում իրենց, բայց Սփյուռքի մեծամասնությունը, շնորհիվ նաև «Հայկական վերածնունդ»-ի կատարած աշխատանքի, շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում։ Երկիրը զատ է, ռեժիմը զատ է, մենք Հայաստանը չափից ավելի շատ ենք սիրում, Հայաստանի լավն ենք ուզում։ Սփյուռքում լռելյայն խոշոր մեծամասնություն կա, լուռ հետևում են, բայց կարող է մի օր դա էլ պայթի։
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
http://www.1in.am/2312904.html
1 Comment