«Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանը անցյալ տարվա մայիսին փորձել էր Փարիզից Երևան ժամանել, սակայն իրավապահները նրան 12 ժամ հարկադրաբար պահել էին «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ետ ուղարկել:

Հետագայում պարզվեց, որ հայցվորի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է ՀՀ ազգային անվտանգության կողմից, քանի որ նրա տվյալները ներառվել են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացի քաղաքացիների բանկում: Տեղի ունեցածի հետ կապված դատական գործ բացվեց, հուլիսի 6-ին հերթական նիստն է վարչական դատարանում: Ոսկերչյանի իրավունքները պաշտպանող իրավաբանները պատրաստվում էին հայաստանյան ատյանները սպառելուց հետո դիմել Եվրոպական դատարան, սակայն վերջերս հանվեց Ոսկերչյանի Հայաստան մուտքի արգելքը:

Օրերս նա Հայաստան է ժամանել, որի առիթով զրուցել ենք ֆրանսահայ գործչի հետ:

– Պարոն Ոսկերչյան, նախորդ տարի ձեզ հետ տեղի ունեցած միջադեպից հետո առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ ծրագրեր ունեք:

– Ինձ համար անսպասելի էր այդ որոշումը, որ անունս հանեցին սև ցուցակից: Որևէ հիմք, պատճառ նշված չէր, թե ինչու են մտցրել այդ ցուցակ, ինչու հանեցին: Բայց կարծում եմ, որ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների, փաստաբանների, իրավաբանների ճնշումները, հաղորդագրությունը դեր խաղացին: Ես հիմա չափազանց ուրախ եմ: Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում 1 տարի չլինել Հայրենիքում: Ես սովորաբար տարին 2-3 անգամ գալիս-գնում եմ Հայաստան: Ինձ համար այստեղ դրախտի պես մի տեղ է: Ես եկել եմ նախևառաջ այս օդը շնչելու համար, ինձ համար հաճույք է փողոցում քայլելը, գնալ-գալը, իմ ընկերների հետ շփվելը: Իմ ընկերներն են՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ուրիշներ…«Նոր Հայաստան» ճակատը:

– Եվ որքա՞ն ժամանակ եք այստեղ լինելու:

– Մայիսի 31-ին պիտի վերադառնամ  Փարիզ: Ցավոք չեմ կարող ավելի երկար մնալ: Միջոցառում ենք պատրաստել այնտեղ Ղարաբաղի թեմայով: Հունիսի 8-ին է լինելու, միջազգային իրավաբանների, լրագրողների մասնակցությամբ:

– Ժիրայր Սեֆիլյանենց շարժման հետ այստեղ որևէ հրապարակային միջոցառում չի՞ նախատեսվում:

– Չգիտեմ, ես հավանաբար վաղը հանդիպեմ իր հետ: Չեմ կարծում, որ միջոցառում կանենք:

– Քանի որ այդպես էլ մինչև վերջ չպարզվեց ձեզ Հայաստանից արտաքսելու պատճառը՝ շարունակելո՞ւ եք դատական պրոցեսը: Մարդու իրավուքների եվրոպական դատարան դիմելու հայտարարությունը ուժի մե՞ջ է:

– ՄԻԵԴ դիմելու համար Հայաստանում պետք էր գնալ մինչև Վճռաբեկ: Գործը դրան չհասավ: Արդեն երկրորդ դատի ժամանակ ԱԱԾ-ն հանեց իր որոշումը, այսինքն հիմա պատճառ չունեմ Եվրոպական դատարան գնալու: Իսկ իմ նկատմամբ իրականացվածի պատճառը հասկանալու համար դատավարությունը շարունակվում է: Եվ իրավաբանները պահանջել են ինձ պատճառված վնասի փոխհատուցում:

– Մի փոքր անդրադառնանք քաղաքական իրավիճակին: Երեկ վերջնականապես ընդունվեց ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում 2017 թվականի ընտրություններից առաջ Հայաստանում: Դուք և ձեր կառույցը որևէ կերպ մասնակցություն կունենա՞ք այստեղ տեղի ունեցող պրոցեսներին:

– Մենք ի սկզբանե ասել ենք, որ Հայաստանում ընտրություններով հարց չի կարող լուծվել: Այն, ինչ տեղի է ունենում՝ կարելի է ասել նաև չընտրություն: Տեղի ունեցողը խայտառակություն է, Հայաստանի ժողովրդի քվեների բռնազավթում: 25 տարի է՝ դուք ընտրում եք մեկին, ԿԸՀ-ն մեկ ուրիշին է նախագահ հայտարարում, նույն բանը տեղի է ունենում խորհրդարանում: Եվ ես վստահ եմ, որ օրենքը փոխվի, չփոխվի, նույն համակարգը կշարունակվի: Այսինքն քվեատուփերով դեռ որևէ բան փոխել ցավոք սրտի հնարավոր չէ: Դեմոկրատական երկրներում այո, հնարավոր է: Օրինակ, մենք Ֆրանսիայում փոխում ենք, աջերը գնում են ձախերն են գալիս, ու հակառակը: Բայց այդտեղ չի փոխվում: Շատ-շատ սկսում են կուսակցության անունը փոխել: «Օրինաց երկիրը» մեր կազմակերպության անունը գողացավ, դրեց իր կուսակցության վրա, որպեսզի իշխանություն ունենալու փորձ անի: Բայց չեմ կարծում, որ Հայաստանի ժողովուրդը անգրագետ է և չի տեսնում, որ այդ «Օրինաց երկիրը» դարձավ «Հայկական վերածնունդ»: Ժողովուրդը գիտի, որ անուն փոխելով քաղաքականություն չի փոխում: Ամեն մարդ գիտի, թե Արթուր Բաղդասարյանը ինչ գործարքների մեջ է իշխանությունների հետ, ինչ վատ գործեր է արել Հայաստանում: Նույնը ուրիշները: Մանր-մունր կուսակացություններ են ստեղծում, բայց ոչինչ չի փոխվում Հասյաստանի քաղաքական դաշտում:

– Այսինքն 2017-ի ընտրությունների միջոցով էլ հնարավոր չեք համարում որևէ փոփոխություն:

– Չէ, չէ, 2017-ի վրա ես հույս չունեմ: Մեզ համար ճիշտն այն է, որ Հայաստանի ժողովուրդը ոտքի կանգնի, միահամուռ, ինչպես 1988-ին, տապալի այս իշխանությունը: Սրանք իշխանություն չեն: Տեսեք, ինչ անմակարդակ հայտարարություն արեց Հայաստանի երրորդ չընտրված նախագահը ինքնաթիռի մեջ: Ես չգիտեմ ինքը նարկոման է, թե ոչ, բայց էդպիսի հայտարարություն….նույնիսկ փողոցի հավաքարարը չի կարող էդպիսի հայտարարություն անել: Ասաց՝ մենք 800 հեկտար տարածք ենք կորցրել, ոչինչ, էդքան կարևոր տարածքներ չէին: Հիմա էլ ասում է՝ ով ուզում է, թող գնա հետ վերցնի: Դա նախագահի, ողջամիտ մարդու ասելի՞ք է: Անհնարին է: Մենք այդ տարածքների համար 100 երիտասարդ զինվոր զոհեցինք, եթե ուզում էին հանձնել, թող առանց պայքարելու հանձնեին, թող առանց կռվի տային: Այս պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանի երրորդ նախագահ կոչվածը պատասխանատվության պիտի ենթարկվի հողերը հանձնելու համար, մեղմ ասած դավաճանական վերաբերմունքի համար: Եթե Հայաստանի դատաիրավական համակարգը ծախված է իրեն, իրեն չեն կարող դատել, բայց դրսում կարող ենք միջազգային ատյաններ դիմել և դատի կանչել հողերը հանձնելու համար: Եթե մենք Ադրբեջանից մի քիչ, մի քիչ հող վերցրած լինեինք, այսօր մենք պատերազմ կունենայինք: Ամեն անգամ, երբ մեր բանակը առաջ է գնում, հետևից հրամանով կասեցնում են: Չի լինի էդպես, պիտի այս հարցը մեկընդմիշտ լուծել, իրենց ծունկի բերել: Չէ՞ որ մենք այդ կարողությունը ունենք, բայց չենք անում, քանի մեր այսօրվա ղեկավարները հայ ժողովրդի շահերը չեն պաշտպանում, օտարների շահերն են պաշտպանում, և իրենց գրպաններն են պաշտպանում: Մեզ պետք են լեգիտիմ իշխանություններ:

– Ապրիլայն պատերազմի օրերին հայ ժողովուրդը նորից համախմբվեց, մի տեսակ միասնակություն եղավ, Հայաստանից հեռացածներն անգամ սկսեցին վերադառնալ: Ձեր կարծիքով իշխանություններն այս ամենից հետևություն չե՞ն արել. վերջերս կոռուպցիայի դեմ նոր պայքար են հայտարարել:

– Ղարաբաղի հարցը շատ զգայուն հարց է, մասնավորապես սփյուռքի համար: Բայց այդ միասնությունը, որ եղավ, իշխանությունը դա ներկայացնում է այնպես, կարծես թե իր շուրջ  է եղել: Ոչ, Հայաստանի ժողովուրդը, ես վստահ եմ, որ թքած ունի այդ իշխանությունների վրա և գիտի, թե ինչ երկու ոտքով չորքոտանիներ են դրանք: Միասնականությունը հայրենի հողի համար էր և ոչ թե իշխանությունների: Իշխանությունը կապ չունի: Եվ նրանք ի՞նչ հետևություն պետք է անեն: Կոռուպցիան անողն իրենք են: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անկախ մարդիկ պետք է գան: Իսկ իրենք իրենց մարդկանց են նշանակում: Բայց իհարկե հայրենիքը պետք է պաշտպանել՝ անկախ իշխանություններից և ես անձամբ գրանցվել եմ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միության կամավորների ցուցակում:

– Այսինքն պատրաստ եք անհրաժեշտության դեպքում գնալ և պայքարել՝ գրավված տարածքները հետ վերադարձնելու համար:

– Այո: Թեկուզ զինվորական պատրաստություն չունեմ, բայց կարող եմ գնալ և երկրորդ, երրորդ գծերի վրա իմ օգնությունը ցուցաբերել:

Նկարում՝ Շանթ Ոսկերչյանը՝ բարձրախոսով:

Աղբյուր՝ http://armtimes.com/hy/read/86285

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.