«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական Վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը:

– Պարոն Առաքելյան, ինչպե՞ս եք գնահատում «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը և կմիանա՞ք այդ նախաձեռնությանը, թե ոչ:

– Գիտեք, տվյալ շարժումը շատ ողջունելի է, և ես կասեի՝ անհրաժեշտ, բայց իմ կարծիքով՝ ներկայումս Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակում կենսունակ չէ: Այդ նախաձեռնությունը կարող է արդյունք տալ միայն ներկա վարչախմբի հեռանալուց հետո: Բանն այն է, որ ընտրակեղծիքների մեխանիզմը Հայաստանում վերին աստիճան կատարելագործված է և միայն դիտորդներով նրան կոտրելը գրեթե անհնար կլինի: Բացի այդ, ժողովրդի մեծամասնությունը ոչնչին այլևս չի հավատում և պարզապես ընտրություններին չի մասնակցում, ինչպես նաև չի մասնակցում ընտրություններին հայաստանցիների այն հսկայական զանգվածը, որը գտնվում է Հայաստանից դուրս, ինչն իր հերթին իշխանություններին ընտրությունները կեղծելու հնարավորություն է տալիս: Այնպես որ, ստեղծվել է մի կապված շղթա, որը կարելի է ջարդել միայն արմատական փոփոխությունների շնորհիվ, և այստեղ խոսքս ոչ միայն իշխանափոխության մասին է, այլ դրա հետ մեկտեղ կառուցվածքային դեմոկրատական խնդիրների լուծման մեջ է, ինչպիսին են անկախ և թափանցիկ արդարադատությունը, լյուստրացիան, մամուլը և այլն…

– Ի՞նչ պիտի անեն Սփյուռքի մեր հայրենակիցները: Տեսակետ կա, թե որքանո՞վ իրավունք ունեն մարդիկ, ապրելով դրսում, Հայաստանի ճակատագիրը տնօրինելու։

– Նախ ասեմ իրավունքի մասին. Այսօր Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը բնակվում և աշխատում է հայրենիքից դուրս՝ ֆինանսապես ապահովելով իրենց Հայաստանում մնացած բարեկամների և ի վերջո երկրի կենսունակությունը: Ասեմ ավելին, Հայաստանում նախագահը, օրենսդրության գարանտ հանդիսանալով, պարտավոր է ապահովել այդ քաղաքացիների, օրենսդրության մեջ նշված, ընտրություններին մասնակցելու հնարավորությունը արտասահմանում, ինչպես դա արվում է ուրիշ երկրներում: Բայց դրա փոխարեն այսօր իշխանավորները նույնիսկ քննադատում են այն առաջարկները և միջամտությունները, որը գալիս է Սփյուռքից՝ նախընտրելով միայն արտասահմանում բնակվող հայության ֆինանսական օգնությունը: Դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ կա մի ազգ, մի հայրենիք, և դա իմ խոսքերը չեն: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ պիտի անի Սփյուռքը, ապա ես կասեի՝ ամեն ինչ, քանի որ տասը միլիոնանոց հայության երեք քարորդը Սփյուռքն է: Եվ եթե մենք այսօր մեր երկրին տեր չկանգնենք, մեր երեխաներն այդ հնարավորությունն էլ չեն ունենա: Հայաստանում կան ողջամիտ ուժեր, որոնք օգնության կարիք ունեն, և խոսքս միայն նյութականի մասին չէ: Կարծում եմ՝ Սփյուռքը պետք է ստեղծի որոշակի քաղաքական, տնտեսական և մշակութային միավորումներ, որոնք կոչված կլինեն նոր հիմնաքար դնելուն Հայաստանի վերծնման գործում: Ինչ-որ չափով նման գործունեություն արդեն ծավալվել է, բայց ընդլայնման կարիք ունի:

– «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը ներկայացրել է ճանապարհային քարտեզ: Որքանո՞վ եք համարում այս ծրագիրը ելքային, արդյոք պետք է մերժե՞լ ընտրական գործընթացները: Վտանգներ կա՞ն, թե ոչ:

– Ինչ վերաբերում է ընտրական գործընթացների մերժմանը, կարծում եմ՝ նախորդ հարցերի պատասխաններում իմ տեսակետը միանշանակ դիտվում է, դա անիմաստ է: Իսկ «Սասնա ծռերի» ներկայացրած ճանապարհային քարտեզը այսօրվա վիճակով շատ դժվար հաղթահարվող, բայց միակ ճանապարհն է, քանի որ ներկայիս իշխանության օրոք, որը փաստորեն Հայաստանը հասցրել է այս վիճակին և առանց անցումային փուլի, որում իր մասնակցությունը պիտի ունենա նաև Սփյուռքը, մենք ոչ մի բանի չենք հասնի: Հարկ է նաև նշել, որ այդ նախագիծը Սփյուռքում լայն քնարկումների առարկա է դարձել տարբեր կազմակերպություններում և միավորումներում, ինչն ինքն իրեն խոսում է այն մասին, որ առկա են լայնածավալ մտահոգություն և փոփոխությունների պատրաստակամություն:

Վտանգ կա՞, թե ոչ… Մենք արդեն վտանգի մեջ ենք, և ինչպես ցույց տվեցին ապրիլյան հակամարտությունները, վտանգը խրտվիլակային չէ, այլ ռեալ, և հույսներս կարող ենք դնել միայն մեզ վրա:

– Սերժ Սարգսյանն օգոստոսյան իր ելույթում խոսեց այն մասին, որ գնում են արմատական փոփոխությունների ճանապարհով, և խոսվեց Ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք կարծում, այս իշխանությունն ի վիճակի՞ է իսկապես իրական փոփոխություններ իրականացնել և հասարակության պահանջները կատարել: Նոր կառավարությունը կարո՞ղ է հուսադրող քայլեր անել:

– Ինչպե՞ս կարելի է խոսել համաձայնության իշխանություն ձևավորելու մասին մի երկրում, որը փաստորեն չունի խորհրդարանական օպոզիցիա, իսկ եղած հակադիր քաղաքական ուժերի լիդերները գրեթե բոլորը ճաղերի հետևում են: Ինչպե՞ս կարելի է հավատալ արմատական փոփոխությունների խոստումներին մի իշխանության, որն արդեն ութ տարի է, ինչ տնտեսական նվազման ցուցանիշներ ունի: Նոր վարչապետը, եթե նույնիսկ ցանկանա էլ, քիչ թե շատ լուրջ բարեփոխումների չի կարողանա բերել տնտեսությունը, քանի որ մի շարք կարևորագույն խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քանդել հենց նախագահի կողմից ստեղծված կառուցվածքները, ինչի իրավասությունը և ուժը նա չունի: Գիտեք, ես միշտ եղել եմ լավատես, բայց լավատեսությունը պիտի հիմնվի տրամաբանության վրա, ուստի տվյալ պարագայում լավ կանխատեսումներ ես չունեմ:

– Հայաստանում հնարավո՞ր են կտրուկ փոփոխություններ:

– Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ Ռուսաստանում զոհվեց Լեհաստանի ղեկավարության մեծ մասը, բայց Լեհաստանը չապրեց ոչ մի կտրուկ փոփոխություն: Ցավոք, ավտոկրատ երկրներում հեռանկարը այլ կլինի: Յուրաքանչյուր երկրում, որն ունի բուրգաձև, հիերարխիկ կառավարություն, կտրուկ փոփոխությունները ոչ միայն հնարավոր են, այն նաև օրինաչափ: Եվ համաշխարհային պատմության մեջ դրան կան բազմաթիվ ապացույցներ: Հայաստանը բացառություն չէ: Հարկ է նաև նշել, որ կտրուկ փոփոխությունները միշտ չէ, որ դեպի լավն են տանում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերոհիշյալ անցումային փուլը ժողովրդի մասնակցությամբ: Այս պարագայում, ասելով ժողովուրդ՝ ես նկատի ունեմ նաև Սփյուռքը, իսկ ավելի ճիշտ, կարծում եմ, որ Սփյուռքն անջատել Հայաստանից անիմաստ է, քանի որ բոլորս էլ մի ազգ ենք և ունենք մի Հայրենիք, որն այսօր բոլորիս կարիքն ունի։

 

Աղբյուր՝ http://www.1in.am/2042352.html

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.