ԳԱԼԱ-ի հարցազրույցը Սփյուռքի «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի ներկայացուցիչ Բագրատ Առաքելյանի հետ:
-Պարոն Առաքելյան, Ձեր ընդհանուրգնահատականը Հայաստանումստեղծված ներքաղաքականզարգացումներին: Ինչպե՞ս կանվանեքայն, ինչի արդյունքում երկրումստեղծվեց այս վիճակը:
– Գիտեք, իմ կարծիքով, արդեն երկար տարիներ Հայաստանում ռեալ ժողովրդավարական քաղաքական դաշտ գոյություն չունի: Բանն այն է, որ դրա համար անհրաժեշտ է մի քանի նախապայման, որոնց թվում են թափանցիկ և անկախ դատական համակարգ, ազատ և անկախ ԶԼՄ-ներ եւ ի վերջո ազատ ընտրության իրավունք:
Այսօր Հայաստանում մենք գործ ունենք «տրիվիալ ավտոկրատ» համակարգի հետ, ինչն իր հերթին և նպաստել է տվյալ իրավիճակի ստեղծմանը: Ընդդիմությունը զրկված է վերոհիշյալ գործիքների օգտագործման հնարավորությունից: Ասեմ ավելին, գտնվում է հալածանքների տակ, և շատերը նույնիսկ հիմա ճաղերի հետեւում են, ինչն իրեն հերթին դրդում է ընդդիմադիր ուժերին ավելի ծանր և հուսահատ քայլերի:
-Պարոն Առաքելյան, հիմա կարծես թե իշխանությունները գնում են որոշակիփոփոխությունների կամ գոնե արտաքուստ ցույց են տալիս, որ նպատակ ունեն բարեփոխվելու: Ինչի՞ համար է Ս. Սարգսյանը վարչապետ փոխում, դեպի ո՞ւր ենտանում այս քայլերը:
-Ես կնկարագրեի այս գործընթացը մի հայտնի ասացվածքով. «Դժվար է գտնել սև կատվին մութ սենյակում, հատկապես եթե սենյակում ոչ մի կատու չկա»:
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի վերին իշխանական համակարգում, իմ կարծիքով ընդամենը ցուցամոլություն է: Նորընտիր վարչապետը, նույնիսկ եթե կամենա, չունի այն ուժն ու եռանդը, որ վերացնի այն օլիգարխիկ համակարգը, որն արդեն շատ խորը արմատներ է թողել քաղաքական և տնտեսական կառուցվածքներում:
Օրինակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսական շուկան ազատ չէ, գոյություն ունեն հստակ «չափարներ», որոնք խոչընդոտում են տնտեսության զարգացմանը և ի վերջո երկրի բարգավաճմանը: Ես լավ հիշում եմ, երբ մի քանի տարի առաջ Չեխիա այցի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում պարոն Սարգսյանին հարցրեցին, թե ինչու է Հայաստան միայն մեկ մարդ շաքարավազ մատակարարում: Նա պատասխանեց, որ Հայաստանը փոքր երկիր է, բա քանի հոգի պիտի մատակարարի: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են:
– Պարոն Առաքելյան, առջեւում խորհրդարանական ընտրություններ են, ինչպիսի՞զարգացում եք կանխատեսում ապրիլին: Ի՞նչ են արձանագրելու ընտրություններիարդյունքները:
Կարծում եմ՝ մենք հերթական անգամ կարձանագրենք ներկայիս իշխանության անխնդիր հաղթանակը և համակարգային օպոզիցիայի ոչ մի բան չորոշող ներկայությունը: Ինչքան պետք ա, այդքան էլ կխփեն:
-Ընդդիմությունը Հայաստանում միատարր չէ, որոշ ուժեր գտնում են, որ չարժեմասնակցել ընտրությունների ընդհանրապես: Իսկ որոշ ընդդիմադիր կուսակցություններնպատակ ունեն միավորվելու: Ի վերջո ո՞րն է ավելի նպատակահարմար, ըստ Ձեզ:
-Գիտեք, զարգացած երկրներում եթե որևէ կուսակցություն մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, ապա ակնկալում է կամ հաղթանակ, կամ էլ գործընթացների վրա ազդելու հնարավորություն: Չեմ կարծում, որ ընդդիմադիր ուժերին կընձեռվի այդ հնարավորությունը: Ներկայիս ստեղծված իրավիճակում ես անձամբ իմ ձայնը երևի կտայի միայն հայտնի դերասան եւ երգիծաբան Սերգեյ Դանիելյանի նորաստեղծ «Քաղաքական ակտիվ քայլ» կուսակցությանը, բայց կարծում եմ՝ սա իր հերթական երգիծական դրսևորումն է: Իսկ եթե նույնիսկ այս ամենը լուրջ լիներ, ապա միևնույն է, չէի կարողանա իմ ձայնը տալ, քանի որ արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները զրկված են ընտրություններին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից, Հայաստանի դեսպանատներում ընտրատարածքներ այլևս չեն բացվում:
-Հայաստանում ի՞նչը կհանգեցնի այս իշխանության փլուզմանը: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ և ինչպե՞ս:
– Իմ խորին համոզումն է, որ մենք բոլորս մեր մեծագույն մեղքն ունենք այս ամենի մեջ և արժանի ենք ստեղծված իրավիճակին:
25 տարի առաջ մենք ստացանք նոր՝ ազատ, անկախ եւ բարգավաճ Հայաստան կառուցելու հնարավորություն: Բայց չօգտագործեցինք մեր այդ հնարավորությունը: Խոսքը մեր սերնդի մասին է: Եվ այսօր էլ թույլ ենք տալիս, որ երկիրը տարիներ շարունակ ղեկավարեն անձինք, որոնց օրոք զարգացում են ապրում միայն արտագաղթը, աղքատությունը և կոռուպցիան: Այսօր Հայաստանի ապագան մեր նոր սերնդի ձեռքերում է և ինչպես իրենք որոշեն, այնպես էլ կլինի:
-Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի քաղաքական և տնտեսական ապագան:
-Անձամբ ես, բնակվելով և աշխատելով Եվրոպայում, տարի առ տարի տեսնում եմ, թե ինչպես է զարգանում և աճում իմ կողքին ապրող մարդկանց կենսամակարդակը և հնարավորությունները: Օրինակ, Չեխիայում տարիներ շարունակ վերջին 10 տարիների ընթացքում, ԵՄ մտնելուց հետո միջին աշխատավարձն աճել է ավելի քան հինգ անգամ: Դեպի լավն է փոխվել, զարգացել առողջապահական, կրթական, սոցիալական համակարգը:
Բարգավաճ մթնոլորտ է ստեղծված գործարարության համար: Կան, իհարկե, խնդիրներ, բայց աճն ակնհայտ է: Ես բարի նախանձով եմ արձանագրում այդ ամենը և շատ կուզենայի մի օր կրեմլյան դատարկ քարոզչության փոխարեն նման բաներ տեսնեի Հայաստանում:
Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի
Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/172436/
1 Comment
«Թույլ ենք տալիս, որ երկիրը ղեկավարեն անձինք, որոնց օրոք զարգացում են ապրում միայն արտագաղթը, աղքատությունը և կոռուպցիան» - Լրահոս