Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու համամասնական ցուցակում տեղ են գտել նաև «Սասնա ծռերին» աջակցող կանայք։ Ցուցակի 13-րդ համարը, օրինակ, Խորենացու ցույցերի ակտիվ մասնակից, «Սասնա ծռերի» աջակից Ստելլա Աղաջանյանն է։ Զարուհի Փոստանջյանին աջակցելու հայտարարությամբ է հանդես եկել նաև ծռերի մեկ այլ աջակից՝ «Հայ կանանց ճակատի» անդամ Իրինա Հարությունյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հաղթանակ մաղթելով «Երկիր ծիրանի» կուսակցությանն առաջիկա ընտրություններում՝ հայտարարում է, որ աջակցելու և սատարելու է Զ. Փոստանջյանին։
«Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը, սակայն, մինչ այս պահը Փոստանջյանին սատարելու որևէ հայտարարություն չի արել։ Մնում են իրենց այն տեսակետին, որ ընտրություններով Հայաստանում փոփոխություններ իրականացնել հնարավոր չէ։
Ինքը ՝ Զարուհի Փոստանջյանը, կուսակցության ստեղծման պահից ի վեր մեկ անգամ չէ, որ նշել է, որ ունի աջակցություն նաև Սփյուռքի հայկական կառույցներից։ «Հայկական վերածնունդ» շարժման Ֆրանսիայի կառույցի համակարգող Շանթ Ոսկերչյանից փորձեցինք պարզել՝ արդյոք առաջիկա ընտրություններին կսատարե՞ն Զարուհի Փոստանջյանին։
Ոսկերչյանն ընդգծեց, որ իրենք այս համակարգում ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու հույսեր չունեն և թեպետ առայժմ նիստ չեն հրավիրել, և քննարկում չի եղել՝ առաջադրված թեկնածուներից ամենանախընտրելին Զարուհի Փոստանջյանն է: «Մենք ի սկզբանե ասել ենք, և խորհրդարանական ընտրություններն էլ ապացուցեցին, որ որևէ բան հնարավոր չէ այս համակարգով փոխել։ Նախօրոք որոշել են, Սերժ Սարգսյանը նստել և նկարել է, թե ով պետք է լինի ընդդիմություն և որքան քվե ստանա։ Բայց այս ամենի հետ մեկտեղ՝ մեզ ամենահոգեհարազատը Զարուհի Փոստանջյանն է։ Հավանաբար շաբաթվա վերջին ժողով կունենանք և վերջնական որոշում կկայացնենք»,- ասաց Ոսկերչյանը։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը նշեց, որ Զարուհի Փոստանջյանին աջակցելը չեն բացառում։ Հարցին՝ արդյոք զրուցե՞լ են Փոստանջյանի հետ, ներկայացրե՞լ են իրենց այն տեսակետը, որ ընտրություններով փոփոխություններ իրականացնել հնարավոր չէ, պատասխանեց. «Նա մեզնից ավելի լավ գիտի, որ ընտրություններով որևէ բան փոխել հնարավոր չէ։ Միայն «Սասնա ծռերի» ավելի զորավոր ակցիայով է հնարավոր փոփոխություն իրականացնել։ Տեսաք, որ Արսինե Խանջյանի և Սերժ Թանկյանի ներկայությունը որևէ բանի չի ծառայում, որովհետև ընտրություններն արդեն նախապես կեղծված են։ Ես չգիտեմ, մարդ պետք է անուղեղ լինի, որ այս պայմաններում, այս կեղտոտ, կոռումպացված համակարգի ներքո գնա ընտրությունների՝ ես միայն ավագանին չեմ նշում, բոլոր ընտրությունները նկատի ունեմ»։
Աղբյուր՝ http://www.1in.am/2124229.html
1 Comment
Ամենանախընտրելին Զարուհի Փոստանջյանն է. «Սասնա ծռերի» համակիրները՝ Սփյուռքում և «Երկիր ծիրանիի» ցուցակում - Լրահոս - Lrahos