Մեր զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը

Պարոն Առաքելյան, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Չեխիայի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Կառլովի Վարիում ձերբակալել են ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանին (Ռոբսոն): Նշվում է, որ կանխվել է «օրենքով գողերի» հերթական հավաքը: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ձերբակալությունից:

Ճիշտն ասած, չեխական մամուլում լայն լուսաբանում  տվյալ միջադեպը չստացավ, և կարծում եմ այն պատճառով, որ դա ոչ առաջին և ոչ էլ վերջին նման «միջոցառումն» է՝ կապված ռուսական մաիֆիայի հետ։ Կառլովի Վարին դեռ սովետական ժամանակներից ռուսական թե չինովնիկների, թե կրիմինալի սիրված քաղաքներից է։ Ինչ վերաբերում է ձերբակալված մասնակիցներին, ապա միայն կարող եմ նշել, որ իրենց միջավայրում բավական հայտնի անձնավորություններ են, և որպեսզի գործը հասնի դատարան, ոստիկանությունը պետք է լուրջ պատրաստվածություն ցուցաբերի:

Պարզ է դարձել, որ Թաթուլյանը վարչապետի ստեղծած ներդրողների ակումբի անդամ է, և որ Չեխիայում դիվանագիտական անձնագրով է ներկայացել:

Չեմ կարծում, որ տվյալ փաստը մի մեծ զարմանք  է առաջացնում։ Հայաստանի իշխանությունները միշտ էլ սերտ կապեր ունեցել են այսպես ասած գողական աշխարհի հետ։ Բավական է հիշել այն բազմաթիվ սկանդալները, որոնք ժամանակ առ ժամանակ լուսաբանում է եվրոպական և ամերիկյան մամուլը և այդ փաստն է մատնանշում՝ նման անձնավորությունների մոտ հայաստանյան դիվանագիտական անձնագրի առկայությունը։

Ի՞նչ եք կարծում, այս մարդիկ կարո՞ղ են ռացիոնալ մղումներ ունենալ և ներդրումներ կատարել Հայաստանում:

Անշուշտ, կրիմինալի հետ առնչություն ունեցող գործարարները, ստանալով իշխանության աջակցությունը, հաճույքով ներդրումներ կանեն, ուրիշ հարց, թե ում են ծառայելու այդ ներդրումները։ Չեմ կարծում, որ շնորհիվ դրա Հայաստանը կկարողանա դուրս գալ առկա ճգնաժամից կամ էլ դա լուրջ ազդեցություն ունենա հանրապետության տնտեսական զարգացման վրա, քանի որ  ազատ մրցակցության հարթակը իր տեղը զիջել է մենաշնորհային բիզնեսին։

Առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք այդ ակումբի վերաբերյալ։ Եվ ինչո՞ւ այդ ակումբում եվրոպաբնակ հայ չկա, բացառապես ռուսաստանաբնակներն են:

Որովհետև Հայաստանում ստեղծված տնտեսական գործունեության մթնոլորտը կոռուպցիայի և անհավասարության պայմաններում կրկնօրինակում է ռուսականը, և մեր ռուսաբնակ հայրենակիցները, ի տարբերություն եվրոպացիների կամ ամերիկացիների, այդ իմաստով մեծ փորձ ունեն։

Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը Չեխիայի հայհամայնքի հետ հանդիպման ժամանակ հարցին, թե տեղյա՞կ է, որ Հայաստանում շաքարի ներմուծմամբ մեկ մարդ է զբաղվում, պատասխանել էր, թե «բա ուզում ես 10 մարդ ներմուծի՞, Հայաստանը փոքր երկիր է»: Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ մենաշնորհներ չկան:Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է խաղի կանոնները փոխվեն:

Ճիշտն ասած, չեմ լսել, որ շաքարավազ ներմուծողների թիվը շատացել է, բայց նույնիսկ  եթե շաքարավազը 10 հոգի էլ ներմուծեն, ապա համոզված եմ, որ այդ մարդիկ հասարակ մահկանացու չեն լինի։ Ի՞նչ է մենաշնորհը. դա կոռուպցիայի ցուցանիշ է, իսկ այսօրվա  հայաստանյան իշխանությունը հիմնված է կոռուպցիոն համակարգի վրա։ Այնպես որ, խաղի կանոնները փոփոխման ենթակա չեն, համենայն դեպս ներկա ռեժիմի օրոք։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/153673

Czech Republic Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.