Հարգելի’ երևանցիներ:
Երկար տարիների պայքարից հետո վերջապես հնարավորություն է ընձեռնվել ունենալ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա թավշյա հեղափոխության առաջին պտուղներից է, և միևնույն ժամանակ առաջին հնարավորությունը՝ ամրագրել ժողովրդի քվեն ի դեմս ճշմարտորեն ընտրված և լեգիտիմ իշխանության:
Երևանը այլևս չի ունենալու ընտրակաշառքով և կեղծիքներով ընտրված ավագանի և քաղաքապետ: Երևանցիները հասկանում են, որ նրանց քվեն այլևս չի ոտնահարվելու, և քաղաքացին այլևս չի նվաստացվելու ընտրակաշառք բաժանելու միջոցով:
Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 23-ի ընտրություններին և քվեարկել հեղափոխական ուժերի օգտին:
Միանգամայն պարզ է, որ թավշյա հեղափոխությունը դեռևս չի հասել ավարտին և հակահեղափոխական ուժերը ցանկացած իսկ հնարավորության դեպքում կփորձեն ժողովրդից խլել իշխանությունը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բոլոր կարևոր լծակներում ընտրվեն հեղափոխական ուժերը: Իսկ դրանցից գլխավորը բացի հանրապետական ընտրություններից դա Երևանի ավագանու ընտրություններն են:
Վերջին տարիների պայքարի տարբեր հանգրվաններում, մեր աչքերի առջև բոլոր քաղաքական ուժերը ցուցաբերել են իրենց արժեքները և իսկությունը:
Հասարակությունը տեսել է, թե ով ինչ դաշինքների մեջ է մտել, ում հետ, և ինչպիսի ծառայություններ է մատուցել նախկին ռեժիմներին:
Ուստի կոչ ենք անում երևանցիներին իրենց քվեն տալ Իմ Քայլը կուսակցությունների դաշինքին, ինչպես նաև այն քաղաքական և քաղաքացիական ուժերին, ովքեր իրենց գործով, այլ ոչ թե խոսքերով, միշտ եղել են ժողովրդի կողքին և դեմ են հանդես եկել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռեժիմներին:
Վստահ ենք, որ ով էլ որ հեղափոխական ուժերից ստանա մեծամասնություն, ժողովուրդը կհաղթի և հեղափոխությունը ևս մեկ քայլ կկատարի դեպի հաղթական ավարտ: Ուրեմն՝ բոլորս դեպի ընտրություններ:
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն
Սեպտեմբերի 17, 2018
1 Comment