«Հայկական Վերածնունդի» հայտարարությունը Հայաստանում ուժեղացող ռեպրեսիաների և քաղաքացիական ընդդիմության դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ
Այն պահից, երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, որ ռուս հայկական բարեկամության ամրապնդման համար պետք է պայքար տանել այդ համագործակցությանը խոչնդոտող անհատների և կազմակերպությունների դեմ, Հայաստանի՝ Եվրասիական ուղի բռնած և մի քանի քայլ առաջ ընկնող իշխանությունը որդեգրել է ընդդիմադիր քաղաքացիների և կազմակերպությունների դեմ ուղղված աննախադեպ պետական ահաբեկչություն։
Դրա վառ ապացույցններն էին Ալեք Ենիգոմշյանի դեմ կատարած ոստիկանական հանցավոր «անփութությունը», երբ ԱՍԱԼԱ–ի նախկին կույր ազատամարտիկին անօգնական վիճակում լքել էին փողոցի երթևեկելի հատվածում, մի օրվա ընթացքում Նախախորհրդարանի անդամներին և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանին պատկանող ավտոմեքենաներն էին այրել, ինչպես նաև Գևորգ Սարաֆյանի վրա հարձակվելով՝ նրան ծանր մարմնական վնասվածք էին հասցրել։
Այս ամենի պատասխանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարությունն է, թե «ոստիկանության հակառակորդներն ու ընդդիմախոսներն են հանցագործները, կրիմինալը և քաղաքական-հասարակական ընդդիմադիր կազմակերպությունները», որով նա փաստորեն լեգիտիմացնում է քաղաքացիների դեմ տարվող ահաբեկչությունները։
«Հայկական Վերածնունդ» Շարժման անդամները այս ամենը գնահատում են որպես մարդու իրավունքների և ազատության դեմ իրագործվող կանխամտածված կոպիտ խախտում և պետական մակարդակի ահաբեկչություն։
«Հայկական Վերածնունդը» պատրաստվում է նաև իր բողոքը բարձրացնել Մարդու Իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններում:
«Հայկական Վերածնունդ» Շարժման Լոս Անջելեսի, Կանադայի, Փարիզի, Բելգիայի, Իտալիայի, Շվդիայի, Գերմանիայի, Պրահայի, Մոսկվայի և Լիբանանի մասնաճյուղեր
Նոյեմբերի 28, 2014թ
Leave a Comment